ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եկել եմ Ջավախքից եւ սովորում եմ Երեւանի պետական համալսարանում: Օրերս մամուլից տեղեկացա, որ նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ջավախքից եւ ԼՂ-ից եկած լավագույն   ուսանողներին եւ ուսուցիչներին: Խնդրում եմ ասել` ինչպես  եւ ում  դիմեմ ծրագրում ընդգրկվելու համար:

Արմինե Սիմոնյան, 19 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում մոտ 200 ուսանողներ եւ ուսուցիչներ կստանան կրթաթոշակ: Ծրագրում ընդգրկված են ԼՂ-ում ու Ջավախքում միջնակարգ դպրոցն ավարտած եւ այժմ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում լավագույն առաջադիմությամբ սովորող ուսանողները: Հիշեցնենք, որ այս ծրագրում ընդգրկված են միայն բակալավրիատի ուսանողները, դա մագիստրատուրային չի վերաբերում: Մեզ դիմել հարկավոր չէ, քանի որ կրթության նախարարության միջնորդությամբ բոլոր պետական բուհերից մենք վերցրել ենք ուսանողների ցուցակները, եթե Դուք ընդգրկված լինեք ծրագրում, ապա նախապես կտեղեկացվեք:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով են ներկայացվել ցուցակները: Դժվար չէ պատկերացնել, որ կրթաթոշակից օգտվել ցանկացողներն ավելի շատ կլինեն, քան հիմնադրամի տրամադրած միջոցները: Հասկանալի է, որ «Տաշիր»-ը լուծել է հարցի ֆինանսական կողմը` լավագույնների ընտրությունը թողնելով կրթության նախարարության հայեցողությանը: Մնում է հուսալ, որ նախարարությունը կընտրի ամենաարժանիներին:




Լրահոս