Կուշչևյան բանդայի պարագլուխ Սերգեյ Ցապոկը մահացել է Կրասնոդարի քննչական մեկուսարանում: Այս մասին հայտնվում է քննչական կոմիտեի տարածքային վարչության կայքէջում:
Ցապոկը զմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն պահվում էր քննչական մեկուսարանում` դատավճռի բեկանման հետ կապված:
Անցած շաբաթվա վերջում տղամարդուն տեղափոխել էին քաղաքային հիվանդանոցներից մեկը՝ «գլխուղեղի կաթված» ախտորոշմամբ: Օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են մեկուսարանի բուժկետ` հետագա բուժման համար:
Կայքի հաղորդագրությունում ասվում է, որ հունիսի 7-ի գիշերը շրջայցի ժամանակ բժիշկները նկատել են, որ տղամարդն արդեն մահացած է: Մարմնի զննման արդյունքում կասկածելի վնասվածքներ չեն հայտնաբերվել. տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես տեղեկացնում ИТАР-ТАСС-ը, անցած շաբաթ մեկուսարանում ինքնասպան էր եղել Ցապոկի բանդայի անդամներից մեկը` Իգոր Չերնիխը, որը նույնպես ցմահ դատապարտվել էր երեք երեխայի սպանության համար: Նա բանդայի անդամներից երրորդ ինքնասպան եղածն էր: Ավելի վաղ իրենց կյանքին վերջ էին տվել Սերգեյ Կարպենկոն և Վիտալի Իվանովը: Քննությունը նրանց ինքնասպանության հետ կապված քրեական հետքեր չէր հայտնաբերել: