Հունվար-մայիսին պետբյուջեի եկամուտները՝ 433.4 մլրդ դրամ, ծախսերը` 414.8 մլրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 414.8 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 6% ով կամ 24.6 մլրդ դրամով: Պետական բյուջեի եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի  հաշվին: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 408 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 80.6%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.8%-ով կամ 18.6 մլրդ դրամով:

2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.8% ով կամ 37.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

2014 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակի ճշտված ծրագրով նախատեսված 19.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 84.3 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 44.5 մլրդ դրամ:




Լրահոս