ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ մեկնարկած անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում պատասախանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ սահմանային հաճախակիացած միջադեպերի կապակցությամբ ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը` նշելով, թե Երեւանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չպետք է կարողանա արձագանքել, ապա այդ բանակը ինչի՞ է հարկավոր»: Նախարարը դարձյալ հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության համար գոյություն ունեն ընթացակարգեր, որոնց համաձայն՝ այս կամ այն երկրի նախագահն է դիմում ՀԱՊԿ ղեկավարությանը` ռազմական ագրեսիայի անխուսափելիության դեպքում: Եվ դարձյալ` ոչ մի խոսք այն մասին, որ իր անդամ պետության նկատմամբ ադրբեջանական պարբերական դիվերսիաներին ՀԱՊԿ-ի արձագանքը կարող է լինել ոչ միայն ռազմական, այլեւ կանխարգելիչ բնույթի, օրինակ` համապատասխան նախազգուշական կամ դատապարտող հայտարարության տեսքով:
Նույն համաժողովին մասնակցող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն էլ այս հարցի շուրջ տվել է մշտական անորոշ պատասխանը` այդպես էլ չհստակեցնելով Ղարաբաղի վրա ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը միջամտելու է, թե ոչ:
ՀԱՊԿ-ի գոյության քսաներկու տարիներին հատկապես հայ պաշտոնյաները մշտապես այս հարցի պատասխանը լղոզել են` անուղղակիորեն հասկացնելով, որ շատ պետք չէ այդ թեման «բզբզել», քանզի այդ հարցը որոշված է կարգավորել «սուսուփուս»: Ճիշտ այնպես, ինչպես որ դա ասվում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում: Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀԿ-ականներն այստեղ-այնտեղ շշնջում էին, որ Ս. Սարգսյանը ստիպված էր գնալ այդ քայլին, քանի որ այդպիսով լուծվելու է նաեւ ՄՄ-ին Ղարաբաղի անդամակցության հարցը: Ավելին՝ սեպտեմբերի 7-ին «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետը հենց այդպես էլ ասաց՝ պետք չէ շատ խոսել Ղարաբաղի` ՄՄ ընդգրկման մասին, այդ հարցը լուծվելու է լռելյայն ռեժիմով: Այսօր, սակայն, ակնհայտ է, որ Ադրբեջանը հաստատ չի պատրաստվում լռել, եւ նման բան թույլ չի տալու նաեւ սեփական դաշնակիցներին` ի դեմս Ղազախստանի, Թուրքիայի, եւ ինչու ոչ` նաեւ Բելառուսի ու ռազմավարական գործընկեր Ռուսաստանի:
Հետեւաբար` ՀԱՊԿ-ի դեպքում եւս որեւէ երաշխիք չկա, որ այդ «սուսուփուս» ռեժիմն աշխատելու է, ճիշտ հակառակը` գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում հակառակ սցենարի հավանականությունը: Եվ ստացվում է, որ մեր բոլորիս անվտանգությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է կախված մնալ միմիայն մեզանից եւ մեր կռվող տղաներից, ովքեր, սակայն, այսօր օրվա հացի խնդիր ունեն: