ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՍՏՎԵՐԻ
Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր գործարարների հետ ու պայմանավորվել, որ հուլիսի 1-ից բոլորը սկսելու են աշխատել առանց ստվերի: «Հանդիպել ենք խոշոր գործարարների եւ բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, եւ բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,-հայտարարել էր վարչապետը: Գործարարների հետ հանդիպմանը ներկա էր եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը, ումից էլ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք վերջինս հետեւում է ՀՀ վարչապետի հորդորին: «Պետք է ապրենք եւ տեսնենք, այն, ինչը հայտարարվել՝ հայտարարվել է, հիմա հուլիսի 1-ից պետք է հետեւենք, որպեսզի խախտումներ չլինեն, կարծում եմ, որ կպակասի այդ խախտումների թիվը: Կարծում եմ՝ ինքնագիտակցությունն էլ բարձրացված կլինի, զգուշացումից հետո»,-հայտարարեց պատգամավոր-գործարարը:
ԷԼ ՉԶԱՆԳԵՔ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գոհար Ենոքյանը ինչ-որ «մութ» պատմությունների կիզակետում է հայտնվել: Մեր տեղեկություններով՝ նախկին պատգամավորը վերջերս անգամ հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Նշվում է, որ Գ. Ենոքյանը մասնակից է ինչ-որ խաբեության: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ենոքյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, որ իրեն այլեւս չզանգահարենք: Իսկ ՀՔԾ-ում մեր բանավոր հարցմանը դեռեւս չեն պատախանել:
ԵԿԵՂԵՑԻՆ ԷԼ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Աղմկալի իրավիճակ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 1-ին Հայաստանյաց առաքելական եկեղեցու Էջմիածնի վանքի ներկայացուցիչ Լեւոն Չիլինգարյանը եկեղեցու անունով Հայաստան է ներմուծել գրանիտե սալիկներ, որը հայտարարագրել է, սակայն հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողությանը, ինչի արդյունքում տուգանվել է 50.000 դրամով: Սակայն Լեւոն Չիլինգարյանի գործողությունները եկեղեցու անվան տակ դեռ սրանով չեն ավարտվում: 2014թ. հունիսի 9-ին էլ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի անունով Հայաստան է ներմուծել 2086 կգ խառը ապրանքներ եւ հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել մաքսային հսկողությանը, որի արդյունքում հերթական անգամ տուգանվել է 50.000 դրամով: Իրոք որ ժողովուրդը ճիշտ է ասում՝ ՊԵԿ-ն Աստված չի ճանաչում: