ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐԸ ԿՀԱՄԲԵՐԵՆ ՄԻՆՉԵՎ ՈՒՐԲԱԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում արդեն երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաները երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով դադարեցվել են: Մարզպետը խոստացավ փոխհատուցում տալ տուժած բնակիչներին՝ տանիքի թիթեղների կամ այլ շինանյութի տեսքով:

Երեկ առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, վարդենիսցի բնակիչները կրկին փակել էին քաղաք մտնող ավտոճանապարհը եւ կրկին պահանջում էին՝ ներկայանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն կառավարության ղեկավարն այդպես էլ չներկայացավ: Փոխարենը, որդու ուղեկցությամբ բնակիչներին մոտեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ապա՝ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը: «Ուր ա վարչապետը, բա խի չեկավ, մենք երեկվանից իրեն ենք ուզում: Ենթադրենք ռումբ էր ընկել մեր վրա, պիտի չգա՞ տեսնի, թե ինչ վիճակում ենք»,- բղավեցին մի քանի բնակիչներ: Մարզպետը բացատրեց, որ կառավարության ղեկավարը բազմազբաղ է, եւ քանի դեռ իր կողմից ձեւավորված հանձնաժողովը չի տվել մասնագիտական եզրակացություն՝ վնասի չափի մասին, վարչապետը չի կարող խնդրին լուծում տալ:
Մարդիկ չէին հավատում մարզպետին: Ավելին՝ Խաչատուրի Յուրիկ անունով մի քաղաքացի պատմեց, որ 2011 թվականին իր տան տանիքը դարձյալ քամին պոկել տարել էր, սակայն պետական ատյաններից ոչ մեկն այդպես էլ որեւէ աջակցություն չցուցաբերեց: «Ես եմ սարքել իմ կրիշը, հիմա էլ ո՞նց հավատանք, ո՞ւմ հավատանք»,- ավելացրեց նա: Ավելի երիտասարդները մեծ ակտիվությամբ մարզպետից հստակ պատասխաններ էին ակնկալում:
Եվ այսպես, մոտ 40 րոպե տեւած վեճ-բանակցություններից հետո Գրիգորյանն անձամբ շրջեց բնակարաններով, ծանոթացավ իրավիճակին եւ խոստացավ ամեն ինչ անել՝ հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար: Վարդենիսցիները խոստացան որեւէ քայլ չձեռնարկել մինչեւ ուրբաթ՝ սպասելով մարզպետի խոստումների իրականացմանը:
«Փոխհատուցում կլինի, ամենայն հավանականությամբ՝ հենց շինանյութի տեսքով: Ես հանձնարարեցի շին. կազմակերպություններին հենց վաղվանից (արդեն այսօր) սկսեն մարդկանց կոտրված տանիքների վերանորոգման աշխատանքները, որպեսզի անձրեւը նոր վատ հետեւանքներ չառաջացնի Տուժածները փոխհատուցում կստանան, իսկ մյուսները՝ բնականաբար ոչ»,- արդեն օրվա վերջում «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետը:
Իսկ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը դեռ շարունակում է մնալ Ֆրանսիայում, վայելել ֆրանսիական գինին: Թե ինչ է կատարվում հարազատ քաղաքում, կարծես թե նրան չի հետաքրքրում: Համենայնդեպս, Վարդենիսի քաղաքապետարանից որեւէ ներկայացուցիչ արդեն 3 օր է՝ չի ներկայացել բնակիչներին: Տպավորություն է, որ քաղաքապետը չկա, քաղաքապետարանը լուծարվել է: Փոխարենը ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցներն էին իրենց հոգատարությամբ աչքի ընկնում:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորկի հետեւանքով պատճառված վնասը, տանիքների մասով, ներառյալ նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, հաշվարկվել է մոտ 6000 քառակուսի մետր, ինչպես նաեւ՝ 47 բնակարանների տանիքներ: Մոտ 70-80 քմ էլ վնաս է պատճառվել բնակիչների պատուհաններին:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս