Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու դեմ: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայում ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ եւ դավադրությամբ խուսափել օրենքից»:
Հայտարարությունում նշված են նաեւ այլ հանգամանքներ, որոնք նկատի առնելով, ըստ հեղինակների՝ անթույլատրելի է Սարգսյանի նշանակումը դեսպանի պաշտոնում. «Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաեւ այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների եւ նրա դավադրության մեղսակիցը»:
Այս առիթով երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուն: Ինչ եք կարծում, արդարացի՞ է այդ բողոքը:
-Եթե մի գործչի պաշտոնավարման երկարուձիգ տարիներին ՀՀ-ում արձանագրվում է աննախադեպ աղքատություն, աննախադեպ արտագաղթ, եթե մութ եւ կասկածելի պատմություններում պարբերաբար շրջանառվում է նախկին վարչապետի անունը` օֆշորային սկանդալ, հազարամյակի մարտահրավերներ եւ այլն, եթե տարբեր վարկային պատմություններում կարմիր թելի նման անցնում է նրա անունը, բնականաբար ՀՀ քաղաքացիները, Սփյուռքի մեր հայրենակիցներն արդարացիորեն եւ տրամաբանորեն պետք է ենթադրեին, որ նման պաշտոնյան պետք է ենթարկվեր պատասխանատվության եւ ոչ թե նշանակվեր դեսպան: Կամ գոնե պետք է հստակ պարզաբանումներ ներկայացներ իր անվան հետ կապված բազմաթիվ սկանդալների շուրջ, ու երկրորդն էլ` առնվազն պետք է հստակ պատասխանատվության կանչվեր իր թիմի վարած խայտառակ սոցիալ-տնտեսական քաղաքականության համար: Ու եթե այդ ամենի փոխարեն տվյալ գործիչը նշանակվում է մեզ համար շատ կարեւոր` ռազմավարական երկրում դեսպան, ապա ես միանշանակ հասկանում եմ ԱՄՆ-ում ապրող մեր համաքաղաքացիների վրդովմունքը: Նրանցից շատերն այս օրերին ինձ հետ կապվել են ու փորձել ճշտել` արդյոք այդ նշանակումն իրական է, թե ոչ: Ի դեպ, նշեմ, որ մեծ մասն այն քաղաքացիներն են, ովքեր վերջին 6 տարիներին, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում են լքել ՀՀ-ն: Իրենք իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում այդ կապակցությամբ:
-Օրերս էլ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը…
-Ի դեպ, նշեմ, որ նման մի իրավիճակ է նաեւ Վրաստանում, երբ որ ուղղակի «լեգենդար»` կատաստրոֆիկ նշանակում արվեց մեզ համար շատ կարեւոր երկրում, որտեղով անցնում է մեր ապրանքաշրջանաության հիմնական հատվածը, երկիր, որի հետ մեր հարաբերությունները բազմաթիվ խնդրահարույց հարցեր են իրենց մեջ պարունակում: Մենք գիտենք, որ բարեկամ երկիր Վրաստանում շատ փուլերում լուրջ խնդիրներ ենք ունենում: Ու մենք նշանակում ենք մի մարդու, ում օգտակար գործողության գործակիցը, լավագույն դեպքում, լինելու է զրո, եթե ոչ՝ ի վնաս ՀՀ-ի: Փառք տանք, որ այս պատմությունը գոնե զրոյական վնասով ավարտվի:
-Իսկ ըստ Ձեզ, ԱՄՆ-ում այս բողոքի «ալիքը» հնարավո՞ր է պատճառ հանդիսանա, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անի:
-Ես չեմ կարծում, որ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ առաջնորդվում են պահի, էմոցիայի տակ կատարված քայլով, ես կարծում եմ, որ այդ երկու նշանակումներն արվել են, որովհետեւ այդպես որոշված է եղել: Ընդհանրապես, ես չեմ կարծում, որ արտաքին քաղաքական աշխարհում պետք է առաջնորդվել՝ ես այսպես եմ ուզում, ինձ այսպես է հարմար տարբերակով: Առաջիկայում ԲՀԿ-ն լրջագույն քննարկում է սկսելու տարբեր քաղաքական ուժերի հետ միջազգային հարթակներում դիվանագիտական մեր աշխատանքի վերաբերյալ, թե՛ խորհրդարանի, թե՛ մեր դեսպանատների, թե՛ մեր ներկայացուցչությունների: Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ մարդու անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու:
-Ե՞րբ է ԲՀԿ-ն սկսելու դեսպանների նշանակման հետ կապված քննարկումները:
-Մենք մեր ներսում այդ լրջագույն խնդրի վերաբերյալ քննարկումներ սկսել ենք, պետք է նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել: Պետքր է մեր սակավ ռեսուրսները կարողանանք շատ ճիշտ, գրագետ եւ արդյունավետ օգտագործել: Մոտ ժամանակներում մեր ներքին քննարկումներն ավարտելուց հետո, քաղաքական մեր գործընկերների հետ նման քննարկումներ կսկսենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ