ԸՆՏՐԱՏԵԽՆՈԼՈԳ ՕԳՆԱԿԱՆԸ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի. երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գեւորգյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով` Վանաձորից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը: Ի դեպ, կառավարության կայքում տեղադրված Ա.Գեւորգյանի կենսագրությունից պարզվում է, որ նա աշխատանքային փորձ ունի ընտրությունների ոլորտում: Կարելի է ենթադրել` Հովիկ Աբրահամյանն այս գլխից իրեն շրջապատում է ընտրական տեխնոլոգիաների մասնագետներով` հավանաբար, պատրաստվելով նախագահական ընտրություններին:
ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐ
Այս տարվա հուլիսի 1-ը մի շարք կարեւոր հարցերի համար նախանշվել էր վերջնաժամկետ. այդ օրվանից պետք է բարձրացվեն պետական պաշտոնյաների աշխատավարձերը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ խոշոր գործարարները պետք է մտնեն հարկային դաշտ` դուրս գալով ստվերից, եւ ամենակարեւորը՝ մինչեւ հուլիսի 1-ը պետք է պատրաստ լինեին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության փաստաթղթերը: Դեռ մայիսի 29-ին Աստանայում Նազարբաեւն առաջարկել էր. «Մինչեւ հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձեւավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը», ինչին համաձայնվել էին ՌԴ ու Բելառուսի նախագահները: Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր. «Հայաստանը մինչեւ հուլիսի 3-ը չի ստորագրի ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը: Հանդիպումները կլինեն, որոշում կկայացնեն: Հուլիսի 3-ին պետք է լինի»: Հունիսի 26-ին նույն Աբրահամյանը մեկ այլ ժամկետի մասին էր խոսել. «Լավ է ուշ, քան երբեք, գործընթացն, ամեն դեպքում, իրականանալու է, սակայն ժամկետների հարցում հնարավոր են փոփոխություններ»: Երեկ, վերջապես ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է. «Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին պիտի ստորագրվի։ Որոշումը, որը կայացրել էր բարձրագույն մարմինը՝ Եվրասիական հանձնաժողովը, այն մասին է, որ մինչեւ հուլիսի 1-ը նախապատրաստել ստորագրման համար։ Եվ երեկ Եվրասիական հանձնաժողովն ուղարկել է կողմերին արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար»: