ՀՈՍԱՆՔԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀՈՍԱՆՔ ԳՆՈՂ ԵՐԿԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն կողմ քվեարկեց Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշմանը. օգոստոսի 1-ից 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար 41.85 դրամ պետք է վճարենք ցերեկային, 31.85 դրամ էլ` գիշերային ժամերի համար:

Հանձնաժողովի երեկվա նիստն ուղեկցվեց բողոքի ակցիաներով. հանձնաժողովի շենքի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել` ընդդիմադիր քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Բացի այդ, հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները, ովքեր նաեւ ելույթներ ունեցան` կոչ անելով հանձնաժողովին չգնալ այդ քայլին, առավելեւս, երբ երկրում մեծ է սոցիալական լարվածությունը, աղքատության մակարդակը, ու նման պայմաններում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Միայն թե՝ հանձնաժողովը երեկ այդպես էլ չանսաց հորդորներին, այլ միաձայն կողմ քվեարկեց այս որոշմանը:

Վրաստանը` էներգակիր
Ի սկզբանե ակնհայտ էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը, մեղմ ասած, անհիմն է: Այդ փաստը հերթական անգամ ապացուցվեց երեկ` հանձնաժողովի նիստում: Այս ամենից բացի, երեկ մեկ այլ սենսացիոն փաստ բացահայտվեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Հայաստանը վերջին տարիներին սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից, եւ սա այն դեպքում, երբ միշտ ինքն է հարեւան երկիր հոսանք արտահանել: «Երբեւէ սրա մասին որեւէ տեղեկություն, մի բառ խոսե՞լ եք: Մասնագետները բացառում էին, որ մենք Վրաստանից հոսանք կառնենք, ցույց տվեք ձեր հաշվետվության մեջ այդ թվերը, եւ ինչո՞ւ ենք առնում, մենք ինքնաբավ ենք, չէ՞»,-հարցրեց նա: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ով ներկայացնում էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման նախագիծը, կցկտուր հայտարարեց, թե դրանում որեւէ սենսացիա չկա, այլ` տնտեսական նկատառումներով այդ հոսանքը գնում են Վրաստանից ու հետո այն վաճառում Իրանին:

Գորդյան հանգույցը
Մինչդեռ նկատենք, որ իրականությունը բոլորովին այլ բան է վկայում: Հայաստանը հարեւան Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում այնտեղից ստացված գազի դիմաց: Այսինքն` Իրանից գազը գալիս է Հայաստան, դրանով աշխատում է Երեւանի ՋԷԿ-ը եւ արտադրված էլեկտրաէներգիան վերադարձվում Իրանին: Ինչպես հայտնի է` 1խմ գազի դիմաց արտադրվում է 4.5-5 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից 3 կվտ/ժամը վերադարձնում ենք Իրանին, իսկ 1.5-2 կվտ/ժամը մնում մեզ: Ու եթե հավատալու լինենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնյայի հայտարարություններին, նշանակում է` Հայաստանն Իրան ավելի շատ էլեկտրաէներգիա պետք է արտահանի, քան` արտադրվում է Երեւան ՋԷԿ-ում. այսինքն` իրանական գազի դիմաց արտադրվող էլեկտրաէներգիային պետք է գումարվի նաեւ Վրաստանից ներկրված ու Իրանին վաճառվող ծավալը:
Ահա այստեղ թվերը միմյանց չեն համապատասխանում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության տվյալների` 2013թ. ընթացքում (հիշեցնենք, որ Մաքսային ծառայությունը տարին հաշվում է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը) Հայաստանը Իրան է արտահանել 46.7մլն կվտ/ժամ էլետրաէներգիա` 856.4մլն դոլար արժողությամբ: Իսկ Երեւանի ՋԷԿ-ը նույն ժամանակահատվածում արտադրել է 649.4 մլն կվտ/ժամ հոսանք: Այսինքն` արտադրվել է շատ ավելի, քան արտահանվել է Իրան: Ու տվյալ դեպքում հարց է առաջանում` իսկ ո՞ւր մնաց Վրաստանից ներկրված ու Իրանին վաճառվող էլեկտրաէներգիան. այդ ընթացքում ՀՀ-ն գնել էր 72.8մլն կվտ/ժամ հոսանք: Այդ հարցի պատասխանը չկա: Այնինչ, պետք է լիներ ճիշտ հակառակը` Իրան պետք է արտահանվեր ավելի մեծ քանակի հոսանք:

Դերերի փոփոխություն
Նշենք, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա սկսել է ներկրել դեռ 2009-2010թթ.-ից: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` 2010-ին ՀՀ Վրաստանից ներկրվել է 31.1 մլն կվտ/ժամ, 2011-ին` 157.5 մլն կվտ/ժամ, 2012-ին` 85.3 մլն կվտ/ժամ, եւ վերջապես` 2013-ին` 72.8 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընդ որում, ուշագրավ է նաեւ ներկրված էլեկտրաէներգիայի սակագինը` 1կվտ/ժամը` 10-15 դրամ: Այսինքն` ներկրված ապրանքը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում արտադրվածը: Հիշեցնենք, որ 2013թ. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը կազմում էր 38 դրամ:
Սա ուշագրավ է այն առումով, որ նախկինում Հայաստանն է էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին: Դեռ 1990-ական թվականների սկզբներից եւ տարիներ շարունակ Հայաստանը եղել է հարեւան Վրաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարներից մեկը: Այդ գործարքի արդյունքում ՀՀ պետական բյուջե բավականին լուրջ եկամուտներ էր մտնում: Մինչդեռ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է` Վրաստանը Հայաստանից ոչ միայն այլեւս էլեկտրաէներգիա չի գնում, այլեւ ընդհակառակը` ինքն է Հայաստանին մատակարարում: Սա նշանակում է, որ Հայաստանն իր զարգացման տեմպերով ու մակարդակով օր օրի զիջում է հարեւան երկրներին, արդյունքում` տեղի է ունեցել դերերի փոփոխություն: Իհարկե, այս ամենն առնվազը տարօրինակ է այն իրողությունում, որ օր օրի Հայաստանում կառուցվում են տարբեր հզորության հէկ-եր, գործարկվում են ատոմակայան, ՋԷԿ-եր, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, բայց պարզվում է՝ ոչ բավարար արտադրության էլեկտրաէներգիա ենք արտադրում, ՀԷՑ-երն էլ պարտքի տակ են, գլխավոր տնօրեն Բիբինն էլ նորմալ աշխատավարձ չի ստանում, հազիվ ամսական մի 40 մլն դրամ է կարողանում դուրս գրել ու մի կերպ «գոյատեւել»: Այս թնջուկը, սակայն, հանելուկային է միայն առաջին հայացքից, քանզի անգամ ոչ մասնագետին էլ պարզ է, որ միլիոնավոր կիլովատների հետեւում թաքնված են միլիոնավոր դրամներ ու դոլարներ: Այստեղ է, որ ՀԾԿՀ-ն պետք է ուսումնասիրություն կատարեր, ոչ թե ստվերը ավելացնող որոշում կայացներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս