«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ անկախ հանձնաժողովի կազմը բավականին ազդեցիկ ու ներկայացուցչական է, ուստի բացառված են կամայականություններն ու տարատեսակ ազդեցությունները:
«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 29 ցմահ դատապարտյալ հացադուլ էր հայտարարել, քանի որ ՀՀ ԱՆ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարները քիչ թվով դատապարտյալների են հնարավորություն տալիս մասնակցել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի քննությանը:
Նշենք, որ 2013թ. ընթացքում ՔԿՀ վարչակազմերին է ներկայացվել 5468 դիմում, որոնցից 968 դիմում ներկայացվել է անկախ հանձնաժողովի քննությանը: Հանձնաժողովը բավարարել է 273 դիմումատուի միջնորդություն, իսկ դրանցից դատարանի որոշմամբ՝ ազատ է արձակվել 261 դատապարտյալ: Մյուս կողմից՝ այս պատկերին զուգահեռ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների գերբեռնվածությունն օրեցօր ավելանում է: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում լրակազմը 840 է, սակայն 2014թ. հունիսի 20-ի դրությամբ այդ հիմնարկում գտնվում է 950 դատապարտյալ եւ կալանավոր:
Եվ այսպես, ինչո՞ւ չի գործում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման օրենսդրական դրույթը: Ինչո՞ւ է դատապարտյալների մեծ մասը կարծում, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը ձեւական բնույթ է կրում եւ բոլորովին էլ անկախ չէ:
«Ժողովուրդ»-ը խնդրի հետ կապված զրուցեց Հանրային խորհրդի եւ միաժամանակ նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
-Պարոն Հովհաննիսյան, դատապարտյալները չեն վստահում անկախ հանձնաժողովի գործունեությանը եւ հայտարարում են, որ այն չի գործում: Այս իրավիճակում դատապարտյալները գնում են ծայրահեղ քայլերի՝ հայտարարելով հացադուլ:
-Չի կարելի զուտ դատապարտյալների պահանջի տեսակետից գնահատել անկախ հանձնաժողովի գործառույթը, քանի որ անկախ հանձնաժողովը նախ պատասխանատվություն է կրում հասարակության առաջ: Անկախ հանձնաժողովի գործունեության գնահատման համար համակողմանի հետազոտություններ դեռ չեն արվել, իսկ այն, ինչ դուք նշում եք կոնկրետ դատապարտյալների մասով, դրանք «լոկալ» իրավիճակներ ու դեպքեր են, որոնք առանձին ուսումնասիրման կարիք ունեն, եւ դա որպես վիճակագրություն ներկայացնել՝ խորհուրդ չէի տա: Լավ օրից չէր, որ 2006թ. ստեղծվեցին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովները, քանի որ մինչ այդ դատապարտյալները, որպես կանոն, համատարած վաղաժամկետ ազատվում էին: Գործընթացին խորթ չէին նաեւ կոռուպցիոն երեւույթները: 2012թ. հրապարակված մի ուսումնասիրության տվյալներով՝ 2006-2010թթ. անկախ հանձնաժողովին ներկայացվող դիմումների թիվը մոտ 4 անգամ նվազել է, քանի որ օբյեկտիվությունն է ավելացել:
-Դուք նշեցիք, որ դիմումների թիվը 4 անգամ նվազել է, քանի որ օբյեկտիվությունն է սկսել գործել, սակայն դատապարտյալները հայտարարում են, որ անկախ հանձնաժողովին հրահանգված է քիչ դատապարտյալի ազատ թողնել:
-Ո՛չ, այդպիսի բան չկա: Անկախ հանձնաժողովի կազմը բավականին ազդեցիկ է ու ներկայացուցչական, ուստի բացառված են կամայականություններն ու տարատեսակ ազդեցությունները: Հանձնաժողովը նախագահի հրամանագրով ստեղծված մարմին է, բայց գործառույթային առումով էապես անկախ է եւ այս կամ այն ձեւով քվեարկելու որեւէ վարչական հրահանգ լինել չի կարող: Մի կարծեք, թե բոլորը պետք է մեզ ծափահարեին ու դժգոհ չմնային, բոլոր երկրներում այդպիսի դժգոհություններ կան: Ի վերջո, գործ ունենք շահերի բախման հետ: Այնպես որ, չեմ զարմանա, եթե որոշ դժգոհողներ լինեն նաեւ իրավապահ մարմիններում, դատական համակարգում:
-Թիվը նվազել է, բայց դրա հետեւանքով ՔԿՀ-ներում գերծանրաբեռնված վիճակ է ստեղծվել: 12 հոգու համար նախատեսված խցում ապրում է մոտ 15 դատապարտյալ:
-Այո, դա կա: Սակայն այս խնդիրները սիտուատիվ չպետք է դիտել, այլ պետք է լայնախոհ նայել եւ ուսումնասիրել: Օրինակ՝ մեր կյանքը, տնտեսական, սոցիալական իրավիճակը նպաստո՞ւմ է հանցագործությունների նվազմանը, թե՞ հակառակը՝ դրանց ավելացմանը: Մարդիկ աշխատանք ուն՞են, թե՞ ստիպված են հարեւանի նկուղից պահածո գողանալով իրենց խնդիրները լուծել: Անձամբ մեղմ եմ մոտենում, երբ մարդը խանութից կամ այլ օբյեկտից սննդամթերք է գողացել, հատկապես, երբ խոսքը մեծ ծավալների մասին չէ: Մենք պետք է հանցագործություն ծնող արմատները ոչնչացնենք, ոչ թե շտապենք բանտերը թեթեւացնել: Բանտերը թեթեւացնելը մարդասիրական քայլ է, բայց պետք է հաշվի առնել նաեւ, թե հասարակության համար ինչ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել պոտենցիալ կրկնահանցագործներին ազատ արձակելու պարագայում: Ոչ թե պետք է մտածենք՝ ինչ անենք, որ բանտերի գերբեռնվածությունը թեթեւացնենք, այլ պետք է մտածենք, թե ինչ անենք, որ դրանք չգերբեռնվեն: Այստեղից է պետք սկսել:
-Դատապարտյալների մի մասը հույսը կտրելով ե՛ւ անկախ հանձնաժողովից, ե՛ւ ՔԿՀ ղեկավարությունից փորձում է իր իրավունքները վերականգնել դատարանի միջոցով եւ շատ դեպքերում արդյունքի է հասնում:
-ՔԿՀ-ի աշխատակիցներն են, որ գրեթե ամեն օր շփվում են դատապարտյալների հետ եւ շատ լավ գիտեն նրանց հոգեվիճակը, առօրյա վարքը, ընտանիքի հետ կապը եւ այլն: Չի կարող դրսից մեկ այլ մարդ նրանցից ավելի լավ ճանաչել դատապարտյալներին: ՔԿՀ-ի կարծիքը հաշվի չառնելը կարճատեսություն կլինի: Իսկ դատարան դիմելը դատապարտյալների իրավունքն է, որը, թերեւս, լրացուցիչ սթափեցնող գործոն կարող է լինել քննարկված կառույցների համար:
Ի դեպ, ինչպես տեղեկացանք Հովհաննես Հովհաննիսյանից, մեկ տարի առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է անկախ հանձնաժողովի անդամ լինելուց: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Երանուհի Թումանյանն այս հարցի կապակցությամբ պատասխանեց. «Դեռեւս երեք տարի առաջ մենք դուրս եկանք անկախ հանձնաժողովի կազմից, քանի որ մեր մասնակցությունն այդ հանձնաժողովում, որպես այդպիսին, որոշիչ չէր, մենք փոքրամասնություն էինք կազմում»: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ը դուրս է եկել անկախ հանձնաժողովից, որ դատապարտյալների դժգոհության ալիքի բարձրացման դեպքում կարողանա խուսափել ավելորդ պատասխանատվությունից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ