ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի կենտրոնում՝ Տիգրան Մեծ եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում կառուցվող էլիտար շենքը, ըստ տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունների՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանինն է, նրա բիզնես-ծրագիրն է: Քաղաքապետն, իհարկե, հերքում է այս հանգամանքը՝ հայտարարելով, թե շենքի միանձնյա սեփականատերը «Վիմպերգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը Արթուր Վարդանյանն է: Սակայն եթե նույնիսկ փաստաթղթային, իրավական հիմքերով քաղաքապետն իրավացի էլ է, դրանից երեւույթը բովանդակային առումով չի փոխվում, որովհետեւ Արթուր Վարդանյանը Դարբինյանի ընկերն ու մտերիմն է, եւ նրան պատկանող շենքում համայնքային միջոցներով բնակարանի առքուվաճառքը կոռուպցիոն լուրջ ռիսկ է ենթադրում:

Ավագանու՝ նախօրեին տապալված նիստի շարունակության ընթացքում երեկ ավագանու ներկա 13 անդամներից 11-ն, ի վերջո, կողմ քվեարկեց համայնքի բյուջեից նշված շենքում 22 հազար դոլարով բնակարանի վաճառքին՝ այն Սահակյանների ընտանիքին հատկացնելու նպատակով: Դեմ էր ավագանու անդամներից միայն Արամ Խաչատրյանը, ձեռնպահ՝ Արմեն Մատինյանը։
«Հարցն այն է՝ ինչու այդ քաղաքացին, որովհետեւ շատ կարիքավորներ կան, հարցն այն է՝ ինչո՞ւ այդ շենքում, որովհետեւ ավելի էժան շենքեր կան: «Վիմպերգ»-ն ինչո՞ւ երկրաշարժից տուժած մյուս 12 ընտանիքների պես այս ընտանիքի հետ էլ պայմանագիր չի կնքել՝ իր շենքում բնակարան հատկացնելու համար, որ այսօր համայնքի կողմից է գնվում: Հնարավոր չէ՞ այդ բնակարանի փոխարեն գնել ավելի էժան բնակարան, կամ մինչեւ էլիտար շենքի պատրաստ լինելն այդ գումարը ծախսենք քաղաքի այլ կարիքների համար»,-ըստ էության, հարցադրումներ է անում ավագանու անդամ Արմեն Մատինյանը:
«Մեր հարցերի պատասխանները չհնչեցին, թե ո՞ր օրենքով է բնակարան գնվում եւ ինչո՞ւ այդ շենքում, ո՞վ է որոշել, որ հենց այդ շենքում՝ քաղաքապե՞տը, քաղաքացի՞ն, ում համար գնեցինք: Կամ ինչո՞ւ մինչեւ հիմա՝ 20 տարուց ավելի, այս խնդիրը դեռ լուծված չէ, երբ 12 ընտանիքների այն ժամանակ բնակարան է հատկացվել, ինչո՞ւ է այս կինը դուրս մնացել ծրագրից: Հիմնավորումներ քաղաքապետի կողմից ես չլսեցի, այդ պատճառով էլ դեմ եմ քվեարկել,-ասում է ավագանու անդամ Արամ Խաչատրյանը եւ ավելացնում,-բյուջեից այսքան սուղ պայմաններում 22 հազար դոլար ենք դուրս գրում եւ բնակարան ենք գնում: Բայց ես չէի ասի, որ բնակչի խնդիրը լուծվեց, նախագծով ներկայացված էր, որ բնակարանը գնելով՝ վարձակալությամբ ենք հատկացնում բնակչին: Այսինքն՝ գլխավոր խնդիրն՝ այդ շենքում բնակարան վաճառվեց: Ուրիշ ոչինչ»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Լոռի




Լրահոս