ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն, անտեսելով հանրության եւ քաղաքական ուժերի պահանջը` հետաձգել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով քվեարկությունը, թանկացման մասին որոշումը դրեց քվեարկության եւ այն ընդունվեց միաձայն: Այդպիսով` օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կազմելու է 41.85 դրամ` ցերեկային ժամերին, եւ 28.85 դրամ` գիշերային ժամերին:

Հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանն, ընդունելով, որ այս թանկացմամբ լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջանալու, այդուհանդերձ հայտարարեց, թե ի հակառակ թանկացումներից հետո սպառման ծավալների նվազման մասին կանխատեսումներին` նախորդ թանկացումից հետո էլէներգիայի սպառման ծավալներն ավելացել են: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ամոթանք տվեց հանձնաժողովի անդամներին` մատնացույց անելով երկրում առկա 37 տոկոս աղքատությունը, իսկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, թե իրենք հասնելու են սակագնի թանկացման որոշման վերանայմանը՝ դատական կարգով:
Նշենք, որ սկզբից մինչեւ ավարտը` շուրջ երկու ժամ տեւած նիստն ընթացավ ակտիվիստների բողոքի ցույցի ուղեկցությամբ, որոնք դրսում պահանջում էին իրենց նույնպես թույլ տալ մասնակցել նիստին: Նրանք երկու անգամ փակեցին Սարյան փողոցը, սակայն ոստիկանները նրանց բիրտ ուժով` քարշ տալով եւ հրելով, ստիպեցին բացել փողոցը: Ի վերջո, ակցիայի մասնակիցներից երկուսին թույլատրվեց բարձրանալ եւ մասնակցել նիստին, որի ընթացքում ակտիվիստներից մեկը՝ դիմելով հանձնաժողովի անդամներին, բղավեց` «այդ 4 դրամը դուք չեք մարսելու, ես` հաշմանդամ մայր ու քույր պահողս, հաստատ չեմ տալու այդ 4 դրամը»:
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված է, որ երկրի նախագահն առաջարկել է վարչապետին` եղանակներ գտնել՝ մեղմելու հոսանքի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի եւ սոցապ նախարարներին` մշակել շուրջ 105 հազար անապահով ընտանիքների նպաստի չափն ավելացնելու մասին որոշման նախագիծ, որը կներկայացվի կառավարության վաղվա նիստում:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս