ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ 2 ԱՄՍԻՑ

Երեկ Հռոմի բուժհաստատություններից մեկում Մոսկվայի «Սպարտակ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է լրացուցիչ բուժզննման՝ հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի մոտ կատարվել է աջ ծնկահոդի արթրոսկոպիկ միջամտություն եւ հոդի կապսուլայի արտաքին հատվածի պլաստիկ միջամտություն: Նախատեսվում է, որ հարձակվողի վերականգնումը կտեւի մոտ 2 ամիս: Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ հարձակվողն այս տարի այլեւս խաղադաշտ դուրս չէր գալու:

ՄԱՐԱԴՈՆԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Լեգենդար Դիեգո Մարադոնան կարծում է, որ Բրազիլիայի հավաքականն արժանի չէր քառորդ եզրափակիչ անցնելուն:
«Բրազիլիան հանդիպումն ավարտեց դաշտում սողալով, մրցակցի դարպասը չգրոհելով: Նրանք արժանի չէին, որ բանը հասներ 11 մետրանոց հարվածաշարին: Ես հիասթափված էի նրանց խաղից: Նեյմարը ֆիզիկական խնդիրներ ուներ եւ պարզապես անհետացավ երկրորդ խաղակեսում: Եթե անկեղծ՝ չիլիացիներն ավելի արժանի էին քառորդ եզրափակիչ դուրս գալուն»,-ասել է Մարադոնան։

ՏՈՒԳԱՆՔ՝ ԱԼԺԻՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

56.358 ԱՄՆ դոլար (50.000 շվեյցարական ֆրանկ) տուգանք կվճարի Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուսաստանի հետ խաղում իր երկրպագուների անվայել պահվածքի համար։
FIFA-ն հիշեցրել է, որ խաղի ընթացքում խստիվ արգելվում է լազերային ցուցիչներ ու պայթուցիկներ օգտագործել։ Լազերի խանգարելու մասին խաղից հետո պնդում էր ռուսական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն։ Նրա վարկածով՝ հենց լազերային ցուցիչի պատճառով էր, որ իր հավաքականի դարպասապահը բաց թողեց գնդակը, ինչի արդյունքում հաշիվը դարձավ 1։1 ու Ռուսաստանը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։




Լրահոս