Համաշխարհային հանրութան առջեւ մագաղաթյա ու ձեռագիր գրքերով հպարտացող, առաջին տպագիր գիրք ունեցող ազգերից համարվող, դարեր ի վեր սեփական կյանքի գնով գիրք ու գրականություն փրկող հայ ժողովրդի պատմական դեպքերի թվարկման համար հատորները չեն բավականացնի: Բայց այսօր, երբ ունենք անկախ պետություն, թերեւս ամենաանտեսված, գրեթե անտերության մատնված ոլորտը հանրապետության գրադարաններն են ու դրանց ֆոնդերի վիճակը: Չնայած 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, սակայն հենց այդ ընթացքում մայրաքաղաքում փակվեցին մի շարք գրադարաններ ու գրատներ: Առավել անմխիթար իրավիճակ է հանրապետության մարզային բնակավայրերում գտնվող գրադարաններում, որոնցից շատերը փակվեցին, իսկ գործողներում էլ պահվող գրքերի վիճակը, բառի բուն իմաստով, աղետալի է: Օրինակ՝ դեռեւս 2013թ.-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի գրադարանները փակվեցին, իսկ 2014թ.-ին փակվեցին Գագարին բնակավայրի 2 գրադարանները, մանկական գրադարանն էլ տեղափոխվեց Կենտրոնական գրադարան: Արդյունքում Սեւանում հիմա գործում է ընդամենը մեկ գրադարան, այն էլ` ոչ բարվոք շենքային պայմաններով, առանց ջեռուցման, որտեղ պահվում է մոտ 100.000 կտոր գիրք: Գրադարանավարուհիներն ամռանը ստիպված են լինում գրքերը հանել դուրս, դասավորել արեւի տակ՝ տարվա մնացած ամիսներին դրանցում ներծծված խոնավությունից ազատվելու համար:
Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով` էկոլոգիական աղետից խուսափելու համար: Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»: Գաղտնիք չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արարատյան դաշտավայրում ունի հսկայական ձկնաբուծարաններ, ու հիմա այս որոշումը գործում է դրա օգտին: Հետաքրքիր է՝ ինչ է լինելու ապօրինի ջրօգտագործման փաստերով նախկինում հարուցված քրեական գործերի ճակատագիրը:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Նա հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով մեկնելու է Լատինական Ամերիկայի երկրներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձեւավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ս.Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այց նախատեսված չէ: Սերժ Սարգսյանն այցելելու է Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Չիլիի Հանրապետություն: Ինչ վերաբերում է այցի ժամկետներին, ապա նախագահականը խոստացել է հավելյալ տեղեկացնել:
Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեման: Ու որքան փորփրում ենք այդ ոլորտը, այնքան ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «ժողովուրդ»-ը պարզեց, որ աննախադեպ ծավալների կոռուպցիոն ռիսկեր կան նույն այդ էլեկտրաէներգիա արտադրող կառույցներում: Այսպես. «Երեւան ՋԷԿ» ՓԲ ընկերության տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 30-ին ընկերության անունով Վրաստանի Հանրապետությունից Հայաստան ներմուծած 63 990 953 ԿՎՏ/Ժ Էլեկտրաէներգիան չի հայտարարագրվել: Սակայն նրա կողմից թույլ տրված այդ օրինախախտման համար ՀՀ կառավարությունը` ՊԵԿ-ի ձեռամբ, տօրենին տուգանել է ընդամենը 50.000 դրամով: