ՖՈՐՈՒՄԱՅԻՆ ԽԱՂԵՐ
Նախօրեից համացանցում տեղեկություններ են տարածվում, որ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու դեմ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տիգրան Սարգսյանի թիմակիցները փորձում են պարզել, թե ովքեր են «կանգնած» այդ ֆորումի անվան «տակ»: Մեր տեղեկություններով՝ արդեն պարզվել է, որ ԱՄՆ-ում պաշտոնապես որեւէ նման կազմակերպություն գրանցված չէ: Ուղղակի մի քանի հոգի որոշել են նման մի կազմակերպության անվան տակ ստորագրահավաք կազմակերպել: Այս օրերին Տիգրան Սարգսյանը փորձում է հասկանալ, թե արդյոք այդ խմբի ղեկավարումը Հայաստանից է, թե ոչ: Ի դեպ նշենք, որ հուլիսի 1-ից ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն որպես ԱՄՆ դեսպան աշխատում է: Որոշ ժամանակ անց նա պատրաստվում է իր ընտանիքին եւս տեղափոխել ԱՄՆ:
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԳԾՈՎ
Առաջիկայում հնարավոր է ավելանան նախագահականի պետհամարանիշերով ավտոմեքենաները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իրեն խորհրդական է նշանակել ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին, ով իր պաշտոնավարման ժամանակ հայտնվել էր բավականին լուրջ սկանդալների կիզակետում: Ըստ շրջանառվող լուրերի` Մոսկվայում բնակվող հայ կամ ռուս հայտնի հեղինակություններին Սմբատյանն օգնել էր հայկական անձնագրեր ձեռք բերել, ինչպես նաեւ տրամադրել էր Հայաստանի դեսպանատան մեքենաների կարմիր համարանիշեր, որոնք անարգել երթեւեկության իրավունք են տալիս: Բացի այդ, պետական վերահսկող մարմինները բացահայտել էին, որ Արմեն Սմբատյանն իր՝ դեսպան աշխատելու տարիներին Մոսկվայում գտնվող Հայաստանի դեսպանատան տարածքի զգալի մասը վարձակալական հիմունքներով տվել էր այլ կազմակերպությունների եւ այդ գումարները չէր ծախսել դեսպանատան կարիքները հոգալու համար: Սակայն Սմբատյանի մասին բացահայտումները պետական գերատեսչությունները չհրապարակեցին, քանի որ երկրի վարկանիշի խնդիր կար: Ու այդքանից հետո նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, ընդհակառակը՝ հայտնվում է նախագահականում` խորհրդականի կարգավիճակով:
ՊԱՐՏՔԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ
ՀՀ պետական պարտքը չի իջնում 4.5մլրդ դոլարի սահմանագծից: Ու սա այն դեպքում, երբ այս տարվա ընթացքում 9.4 մլն դոլար վճարվել է` պետական պարտքը փակելու համար: Այդ գումարի ահռելի մասը կազմում է ՀՀ արտաքին պարտքը` ավելի քան 3.8մլրդ դոլար, որից ավելի քան 3.3 մլրդ-ը կառավարության, 483 մլն-ը` ՀՀ ԿԲ պատքն է: