ՔԱՌՅԱԿԸ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «հրաշալի քառյակ»-ը կրկին ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, սակայն, որեւէ հստակ հայտարարություն չարվեց: Փոխարենը կրկնվեց մինչեւ աշուն սպասելու եւ կատարվող ապօրինություններին միայն աշնանը «համարեք արձագանք տալու» խոստումը: Հետաքրքիր է, իսկ մինչեւ աշուն տեղի ունեցող իրադարձություններին ինչպե՞ս պետք է դիմակայի հասարակությունը, երբ անգամ հայաստանյան ընդդիմությունն է մեկնում «վաստակած» հանգստի:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարեց, թե Քառյակի նպատակը ոչ թե կտրուկ քայլերը եւ ցնցումներն են, այլ խաղաղ ձեւով իշխանափոխություն իրականացնելը. «Մեր ձգտումն ամենեւին ոչ արյունն է, ոչ էլ բախումը, մենք կոչ ենք անում իշխանություններին՝ գալ խոհեմության դաշտ եւ որոշումներ կայացնել: Այդ դեպքում երկիրը կփրկվի, եւ միգուցե իրենք կարող են իշխանավարել, այսինքն՝ մեր ցանկությունն իսկապես աշնանն այդ 12 կետերը կատարված տեսնելն է։ Եթե պետք է՝ մենք կօգնենք, որ կատարեն, բայց եթե չեն կատարում, մնացածն իրենց պատասխանատվության խնդիրն է»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ ինքը սոցիալական ցնցումներին եւ պայթյունավտանգ իրավիճակներին դեմ է: «Քառյակը տեր է իր հայտարարություններին եւ հետեւողական է լինելու: Գիտենք, որ տեղ կա չթանկացնելու: Քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու ենք, ովքեր այսօր էլ հավաքվելու են հարցը քննարկելու, եւ առաջիկայում մեր անելիքների մասին տեղյակ կպահենք»,-ասաց Մելքումյանը` առանց հստակեցնելու, սակայն, թե կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում անել Քառյակը` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բավարարվեց՝ արձանագրելով, որ վերջին թանկացումները խոսում են այն մասին, որ Հայաստանը փլուզվող տնտեսություն ունի:
«Քառյակն այսօր այն քաղաքական գործոնն է, որը չորս տարբեր ուժերի մոտեցումներով բալանս է տալիս պետությանը, որ կարողանա առանց ցնցումների իրականացնել համակարգային փոփոխություններ, սա շատ կարեւոր է։ Մենք ամեն ինչ հասկանում ենք՝ հարձակումներ են լինում Քառյակի վրա, արկածախնդրության կոչեր են լինում, բայց Քառյակն այն ուժն է, որը թե՛ քաղաքական ռեսուրսներով, թե՛ ընդհանրապես ժողովրդի մոտ ունեցած ամբողջական ընկալումներով, ռեալ այլընտրանք է իշխանություններին եւ պատրաստ է իրականացնել այն, ինչ դրված է իր ծրագրերում»,-իր հերթին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորի կարծիքով` եթե իշխանությունն ամառային հանգստի պատճառով կարողացել է ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ապա էլեկտարաէներգիայի թանկացումը չի կարող ռեալ լինել, քանի որ աշնանը Քառյակը համարժեք պատասխան կտա նման որոշումներին: Այսպիսով, ստացվում է, որ Քառյակը մինչեւ աշուն որեւէ քայլ չի անելու եւ վայելելու է իր հանգիստը` կարծես այդ ընթացքում կյանքը կանգ է առնելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս