ԷԺԱՆ ՓԻԱՐ 1
Կառավարությունը պատրաստվում է 12 մլն դրամ տրամադրել` «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման անցկացման համար: Ըստ այդ որոշման նախագծի՝ գումարը տրամադրվելու է մարզպետարաններին` յուրաքանչյուրին 1.2մլն դրամի չափով: Նշենք, որ 12մլն դրամն այդ միջոցառման ողջ գումարը չէ. այն տրամադրվում է մրցույթի երրորդ փուլի արդյունավետ անցկացման եւ մարզահագուստ ձեռք բերելու համար: Տեղի ունեցածն ուշագրավ է այն առումով, որ չնայած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, իշխանություններն աննպատակ միջոցներ են ծախսում նման քեֆ-ուրախությունների համար` ձեռքի հետ ապահովելով սեփական PR-ը:
ԷԺԱՆ ՓԻԱՐ 2
ՀՀ կառավարությունը պատրաստվում է 4.5 մլն դրամ տրամադրել` Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար: Այդ գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Ի դեպ, շատերը կհիշեն ժամանակին Ջերմուկում մոծակների դեմ պայքարի ծագրի վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի աղմկալի բացահայտումները: Պետական բյուջեից այդ նպատակով 2009-2010թթ. 20-ական մլն դրամ էր տրամադրվել: Ըստ ՎՊ-ի` մոծակների դեմ թունաքիմիկատները ձեռք են բերվել անհատ ձեռնարկատերից, ով չի ունեցել դրանց վաճառքով զբաղվելու լիցենզիա, ընդ որում` գնվել է այնպիսի թունաքիմիկատ, որը գրանցված չէ անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցամատյանում: Բացի այդ, թունաքիմիկատն օգտագործվել էր Ջերմուկ քաղաքի բաց տարածքներում ցողելու միջոցով ախտահանումներ կատարելու համար, այն դեպքում, երբ տվյալ թունաքիմիկատի օգտագործումը բաց միջավայրում արգելվում է:
ԱՄՆ-Ը ՀՈՒՍՈՎ Է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրենթ Հարթլին հույս է հայտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը եւ կհամաձայնեն հանդիպել Փարիզում: Այս մասին Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսում՝ նշելով. «Թեեւ ԼՂ-ում ԵԱՀԿ-ի դերը արտահայտվում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքով, որպես կազմակերպություն մենք պետք է շարունակենք Հայաստանին ու Ադրբեջանին դրդել ստանձնել բանակցությունների պարտավորություն, որոնք կհանգեցնեին խաղաղ համաձայնության՝ հիմնվելով մինչ այս կատարած աշխատանքի վրա»:
«ՕՐԻՆԱՑ»-Ը ՍԿՍԵՑ ՊԱՅՔԱՐԸ
Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդն իր նիստում անդրադարձել է նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշմանը եւ իր հերթին որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: