ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ինքս այդ փաստից ոգեւորված չեմ, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Եվ ՀԾԿՀ-ի գործողությունները եղել են հիմնավորված ու կշռադատված։ Խնդիրները լուծելու այլ եղանակ, ցավոք, չկա»:

Երվանդ Զախարյան News.am

«Աղվեսը պոչին վկա է բերում» ժողովրդական խոսքը տեղին է հիշել, քանի որ սովորաբար թալանչին պետք է պաշտպանի թալանչիների շահերը, կաշառակերը պետք է արդարացնի կաշառակերությունը: Դե, Էներգետիկայի նախարար դարձած այս չինովնիկն էլ, ում անունը նախկինում կապված էր մազութի հայտնի գործի հետ, հիմա բնական է, որ ոլորտը կարգավորելու համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից բացի այլ լուծում չի տեսնում, չնայած որ լուծումը շատ պարզ է՝ ուսումնասիրել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն ռիսկերը, նվազեցնել ղեկավար կազմի չհիմնավորված բարձր աշխատավարձերը եւ ամեն ինչ տեղը կընկնի:

 

«Բայց հիմա զգում ենք, որ ավելի հետեւողական աշխատանք կա: Խոսքս վերաբերում է հատկապես փոքր ու միջին բիզնեսին, գյուղատնտեսությանը… Եվ ես համոզված եմ, որ կառավարության ծրագիրը տարեվերջին արդեն իր դրական արդյունքը կտա»:

Արթուր Նալբանդյան 1in.am

Ինչպես եւ ընդունված է կառավարության անդամների շրջանում, Հովիկ Աբրահամյանին հաճոյանալու համար պարտադիր պայման է նախեւառաջ քար գլորել Տիգրան Սարգսյանի բոստանը եւ անպայման շեշտել, որ ներկա կառավարությունն ավելի լավ է աշխատում, քան նախորդը: Իսկ իրականում ընդամենը , օրինակ՝ պարտադիրը դարձավ «պարտադիր, բայց ոչ պարտադրված», ինչից ոչինչ չփոխվեց, կամ Հովիկ Աբրահամյանն անձամբ լինելով մեծահարուստ գործարար՝ շքեղության հարկը հանեց, իբր թե միջին ու մանր բիզնեսի շրջանառությունը խթանելու համար եւ այլն: Բայց դրական արդյունք դեռ չկա: Այնպես որ, Լոռու մարզպետն էլ բացառություն չդարձավ:

 

«Մարդիկ նշանակվում են բիզնես ծրագրեր առաջ մղելու համար, եւ մենք պետք է ուրախ լինենք, որ Յուրի Վարդանյանը բիզնեսմեն չէ, այլ սպորտսմեն է: Ավելի լավ է, թող լինի սպորտսմեն եւ սպորտի կազմակերպիչ, քան բիզնեսմեն, որը ծավալում է բիզնես գործունեություն»:

Հմայակ Հովհաննիսյան Tert.am

Տարօրինակ է, որ նման կարծիք է հայտնում քաղաքագետը, այն էլ ոչ թե շարքային, այլ Քաղաքագետների միության նախագահը: Ինչպե՞ս կարելի է ողջունել սպորտսմեն դեսպան ունենալու հանգամանքը, այն էլ՝ հարեւան Վրաստանում, երբ հարեւան երկրի հետ հարաբերությունները ճիշտ ուղով տանելն առնվազն լուրջ դիվանագիտական հմտություններ է պահանջում: Դեսպանը պետք է լինի ոչ բիզնեսմեն, ոչ էլ սպորտսմեն, այլ՝ դիվանագետ, լավ պատրաստված ու գիտակ մասնագետ: Ով ով, բայց մշտապես պրոֆեսիոնալիզմից խոսող Հովհաննիսյանը դա գերազանց գիտի, բայց մյուս կողմից էլ՝ կարո՞ղ է Հովհաննիսյանը Վրաստանի կողմերում գործ ունի:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս