ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԵՆ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական նիստը: Դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը եւ միջնորդեցին դատարանին ամբաստանյալ Վահե Ղուկասյանի՝ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու նկատմամբ վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 22 տարի ժամկետով: Վահե Ղուկասյանը լսելով մեղադրական ճառը՝ դատախազներին ասաց. «Ցմահ դատեք, էլի, մեկից պատժվելու եք, սրանք սատանա են»: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանն, ասաց, որ ինչ էլ լինի դատարանի որոշումն՝ իրենք վճիռը բողոքարկելու են. «Թող օրենքով դատեն, էլի, շատ են պահանջում, երիտասարդ է, չի կարելի, չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այս ինչ թեմա է, ինչ 22 տարի»:

ԱԶԱՏՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին դատապարտյալների շրջանում մի նոր բողոքի ալիք է բարձրանալու: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը որոշ ՔԿՀ-ներում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի նիստին կներկայացվեն դատապարտյալների գործերը, որից հետո էլ պարզ կլինի, թե քանի դատապարտյալ կկարողանա պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:

ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆԸ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է պետգույքի կառավարման վարչությանը պատկանող Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող հողատարածքն օտարելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ կառավարությունը ցանկանում է 209.7 քառակուսի մետր տարածքն օտարել մրցույթով, իսկ որպես նախնական գին սահմանվել է 18.2 մլն դրամ: Ակնհայտ է, որ նման դեպքերում աճուրդները կրում են իմիտացիոն բնույթ, եւ այդ հողատարածքներն օտարվում են` սիմվոլիկ գներով որեւէ պաշտոնյային կամ նրա մերձավորին տալու համար: Թե ով աչք ունի այս տարածքի վրա, պարզ կդառնա առաջիկայում:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախօրեին դիմել է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լ. Ավետիսյանին, որպեսզի վերջինս մեղմի կամ արդարացման դատավճիռ կայացնի անազատության մեջ հայտնված ազատամարտիկի նկատմամբ: ԲՀԿ-ական պատգամավորը նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ազատամարտիկի անցած ուղին, վերջինիս ընտանիքի անմխիթար սոցիալական վիճակը հիմք են ստեղծում նման միջնորդության համար: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։




Լրահոս