ԻՆՉՈՒ ԵՆ ՍԱՏԿԵԼ ՁԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Հրազդան գետում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում, որի պատճառը, ըստ բնակիչների, Հրազդան ջեկ-ի արտանետած թունաքիմիկատներն են:
Խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո Կոտայքի բնապահպանության վարչությունը լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով գետի ջրից փորձանմուշ էր վերցրել, նաեւ` սատկած ձկներն ուղարկել լաբորատորիա։ Ըստ մասնագետների՝ փորձաքննության արդյունքները մի քանի օրից պետք է հայտնի լինեին: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմեց Կոտայքի բնապահպանության վարչության պետի տեղակալ Աշոտ Գեւորգյանին` տեղեկանալու արդյունքների մասին: Մարզպետարանի պաշտոնյայի փոխանցմամբ` լաբորատոր զննությամբ ջրի մեջ թունավոր տարրեր չեն հայտնաբերվել, սակայն այդ փաստը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ջուրը ինքնահոսելով մաքրվել է։ Ինչ վերաբերում է սատկած ձկների փորձաքննությանը, ապա դրանով զբաղվում է Գյուղնախարարության սննդի տեսչությունը, որի պատասխանը դեռեւս ուշանում է: Ա. Գեւորգյանի խոսքով՝ հենց այդ պատասխանից հետո պարզ կլինի արդյոք Հրազդան ջեկ-ն է մեղավոր, թե կատարվածը որեւէ մեկի ինքնագործունեության կամ մոտակայքում գտնվող «Միկա-ցեմենտ»-ի մեղքով է։ Նշենք, որ այս խնդրով զբաղվում է նաեւ Հրազդանի ոստիկանությունը: Գործը գտնվում է Կոտայքի փոխդատախազ Լեւոն Ճարխիֆարակյանի անմիջական հսկողության տակ եւ հետաքննության արդյունքներից հետո հնարավոր է քրեական գործ հարուցվի ՀՀ Սահմանադրության 287 հոդվածի համաձայն,այն է` ջրերը, խմելու աղբյուրները աղտոտելը եւ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունները այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին էական վնաս են պատճառել:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս