ԹՈՇԱԿԻ ՈՒՂԱՐԿԵՑ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հունիսի 30-ին որոշումներ է ընդունել մարզի մի շարք հանրակրթական դպրոցների տնօրեններին, որոնց տարիքը գերազանցում է 65-ը, աշխատանքից ազատելու մասին: Նա որոշել է լուծել «ՀՀ Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Ադամյանի, «Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսիկ Խաչատրյանի, «Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ծովիկ Մկրտչյանի, «Այգեհովտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վեներա Սիմոնյանի, «Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Ստեփանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը:
Մարզպետն այդ որոշումներն ընդունելով՝ ղեկավարվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: Ծովիկ Մկրտչյանի, Լուսիկ Խաչատրյանի, Վեներա Սիմոնյանի, Վարսենիկ Ստեփանյանի՝ աշխատանքից ազատման համար հիմք են ընդունվել նրանց ներկայացրած դիմումները: Վասիլի Ադամյանին աշխատանքից ազատելու որոշումն ընդունելիս մարզպետ Հ. Աբովյանը ղեկավարվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետով (65 տարին լրանալը): Նշենք, որ վերոհիշյալ անձինք, որպես դպրոցների գործադիր տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ աշխատանքային պայմանագիր էին կնքել 2014 եւ 2013թվականներին, իսկ Ծովիկ Մկրտչյանի հետ նման պայմանագիր կնքվել էր 2011թ-ին:
ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքարի սահմանագոտում տեսանելի է ադրբեջանական զինտեխնիկայի կուտակում: Այդ մասին տեղեկացանք Պառավաքարի բնակիչներից: Մասնավորապես, սահմանամերձ այդ հատվածում ակնառու է տանկերի կուտակում: Զինվորական աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը սահմանամերձ գոտում զինավարժություններ է կատարում, որոնց մասնակցում է նաեւ զրահատեխնիկա: Հայ սահմանապահները զգոն են, որովհետեւ երբեք չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կարող է սադրանքների դիմել եւ զինավարժությունները վերածել ռազմական գործողությունների:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ