«ԱՆԱՀԻՏ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի աշնանը. այս մասին տեղեկացնում է «Շարմ Հոլդինգ»-ը։ «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել է դեռեւս 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Հերոսներին հնչունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լեւոնյանը:
Երեւանյան պրեմիերայից հետո մուլտֆիլմը կցուցադրվի միջազգային փառատոներում:
ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Չինացի տղամարդն անցյալ շաբաթ գնել է «Տրանսֆորմերներ» ֆիլմի բոլոր տոմսերը եւ համացանցում տեղադրել ստացականների լուսանկարները:
Նրա տարօրինակ քայլը ցնցել է Պեկինի կինոդիտողներին, որոնց նա անվճար տոմսեր է բաժանել սոցցանցերում իր գրառումը տարածելու համար: Պարզվել է՝ տղան այդ քայլին դիմել է՝ ապացուցելու իր նախկին ընկերուհուն, որ ինքն այլեւս աղքատ չէ:
Ինչպես Ուենգը գրել է իր միկրոբլոգում՝ աղջիկն իրեն լքել է 7 տարի առաջ, քանի որ ինքը չի կարողացել նրան կինոթատրոն հրավիրել: 7 տարի շարունակ աշխատելով Շանհայի գործարար ոլորտում՝ նա հաջողության է հասել եւ վերջապես կարողացել է կինոթատրոնի տոմս գնել, այն էլ՝ հարյուրավոր, որոնց համար 250 000 յուան է վճարել (40,000 դոլար):
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ` ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսին կմեկնի Իտալիա՝ շրջագայությունների: Նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայի հեղինակավոր համերգասրահներում. «Ռիմինի», «Չիտտա դե Կաստելլո», «Մերանո» եւ «Ռավելլո»: Այսպիսով, կմեկնարկի նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը:
Մինչ շրջագայությունները նվագախումբը պատրաստվում է հանդես գալ երկու համերգով: Հուլիսի 11-ին անվանի սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարմամբ կներկայացվի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: