Հայաստանյան ընկերություններում 3 ղեկավար պաշտոնից 1-ը կին է զբաղեցնում . Գրանթ Թորնթոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Գրանթ Թորնթոնի վերջին հետազոտության` Եվրոպայում ղեկավար պաշտոններում ներգրավված կանանց թիվը կայուն աճ է գրանցում: Միանգամայն հակառակ իրավիճակ է զարգացող շուկաներում, որտեղ նախկինում ավելի մեծ թվով կանայք են զբաղեցրել ղեկավար պաշտոններ, ինչի հետևանքով համաշխարհային միջին ցուցանիշն այս տարի ընդամենը 21% է, որն աննշան կերպով գերազանցում է 2004 թ-ի ցուցանիշը: Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (ՄԳԶ) տվյալներով, Հայաստանում հարցված ընկերությունների կտրվածքով յուրաքանչյուր 3 ղեկավար պաշտոնից 1-ը կին է զբաղեցնում (38%), և առավել հաճախ սա վերաբերում է մարդկային ռեսուրսների գծով մենեջերների (27%) և ֆինանսական տնօրենների (25%) հաստիքներին: Չնայած գործազրկության աճին՝ Եվրոպայում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 24%՝ ինչը 4%-ով գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը: Գրանթ Թորնթոնի Հանրային քաղաքականության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Էյփրիլ Մակքենզին մեկնաբանում է. “Իսկապես մտահոգիչ է այն կայուն անկումը, որ գրանցվում է զարգացող երկրներում: Անհանգստացնում է այն, որ անընդմեջ նվազող այս ցուցանիշը կարող է հանգեցնել կանանց ոչ լիարժեք ներկայացվածության ղեկավար օղակներում ամբողջ աշխարհի կտրվածքով”: Բազմաթիվ մշակութային, տնտեսական և սոցիալական արգելքներ խոչընդոտում են կանանց մասնագիտական վերելքը, սակայն զարգացող երկրների տնտեսությունների արագ աճը, որը հանգեցրեց ոչ պակաս սրընթաց ուրբանիզացիայի, նույնպես կարող է հանդիսանալ ղեկավար պաշտոններում կանանց թվի նվազման պատճառ: Էյփրիլ Մակքենզին մեկնաբանում է. “Ուրբանիզացիան փոփոխության ենթարկեց ավանդական բազմանդամ ընտանիքների մոդելը: Նախկինում կանայք կարող էին աշխատել, քանի որ երեխաների խնամքը վստահում էին ընտանիքի տարեց անդամներին: Այժմ այս մոդելին փոխարինելու է գալիս “արևմտյան ոճի” ընտանիքը, որտեղ ծնողն ինքն է հոգում երեխայի խնամքը, կամ ստիպված լինում դիմել մանկական խնամքի թանկարժեք ծառայությունների: Եվ չնայած նրան, որ ուրբանիզիան ավելի շատ ու լայն հնարավորություններ է ընձեռում մարդկանց, այդ թվում նաև կանանց, այն միևնույն ժամանակ մեծ մարտահրավերներ է նետում ընտանիքներին, և առավել խրթին դարձնում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու կանանց ճանապարհը: Զարգացող շուկաների կառավարություններն ու գործարարները պետք է քայլեր ձեռնարկեն այս անկումը կանգնեցնելու համար: Հարկավոր է նախաձեռնել հանրային քննարկում, որի արդյունքում կմշակվեն կանանց զբաղվածությունը հնարավոր դարձնող և խթանող քաղաքականություններ”: Որպես այս բացասական միտումը շտկող միջոց, ՄԳԶ-ն առաջարկում է դիտարկել ճկուն աշխատանքային ժամերի ներմուծման սխեման: Ներկայումս, Եվրամիության հարցված ընկերությունների գրեթե 2/3-ից ավելին (65%), որտեղ կանանց թիվը ղեկավար պաշտոններում շարունակում է աճել, կիրառում է ճկուն աշխատանքային ժամերի մոտեցումը: Այս ցուցանիշը կտրուկ տարբերվում է Հայաստանում գրանցված ցուցանիշից, որտեղ հարցված գործարարների 59%-ը պատասխանել է, որ նման պրակտիկա իրենց ընկերություններում չի կիրառվում:




Լրահոս