Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության անակնկալն ու հայտնությունն, ըստ մարզական մեկնաբանների, Կոստա-Ռիկայի ընտրանու գրանցած հաջողությունն էր: Նման կարծիք armlur.am-ի հետ զրույցում հայտնեցին մարզական մեկնաբաններ Կարեն Գիլոյանն ու Մենուա Մեհրաբյանը:
«Եղան թիմեր, որոնք հաճելիորեն զարմացրեցին, եղան թիմեր, որ տհաճորեն զարմացրեցին իրենց խաղով: Ամեն դեպքում առանց անակնկալների էլ ինչ ֆուտբոլ», – նշեց Կարեն Գիլոյանը:
Մեկնաբանն այս առաջնությունը շատ դիտարժան է համարում և նշեց, որ այն տարբերվում է իր հետաքրքրությամբ, քանի որ կատարողները լավն են: Անդրադառնալով մշտապես շահարկվող այն տեղեկություններին, թե այս առաջնության ընթացքում եղել են պայմանավորված խաղեր, նա վստահեցրեց, թե նման լուրեր բոլոր առաջնությունների ընթացքում էլ մշտապես տարածվել են:
«Ամեն անգամ էլ լինում են: Բոլոր պարտվող թիմերն էլ մշտապես ասում են, որ խաղը ծախված է: Բոլոր այն մարդիկ, ովքեր նախապես գուշակություն են արել և չի իրականացել՝ ամեն ինչը արագորեն գցում են խաղի՝ ծախած լինելու վրա: Ես այդպիսի բաների չեմ հավատում: Կարող է մեկ-երկու բան էլ լինի, բայց դա առաջնության ավարտի վրա չի կարող էական ազդեցություն ունենալ», – վստահեցրեց նա:
Կարեն Գիլոյանը դեռ առաջնությունից առաջ կանխատեսել էր հենց նման կիսազրափակչի զույգեր: Նրա խոսքով՝ աշխարհի չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը:
«Ես հենց այսպիսի կիսաեզրափակիչներ էի գծել, սակայն այն ժամանակ չգիտեի, որ Նեյմարը վնասվածք կստանա, և Բրազիլիային էի դուրս բերել Արգենտինայի դեմ, որտեղ հաղթում է Արգենտինան: Ես չգիտեմ, թե Գերմանիան ինչ կանի, բայց միևնույնն է, Արգենտինան է լինելու չեմպիոն», – եզրափակեց նա:
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը չեմպիոնի հավակնորդ է համարում Գերմանիայի ընտրանուն, իսկ եզրափակիչ խաղի մյուս մասնակիցն, ըստ նրա, կլինի Հոլանդիան: Նրա համար նույնպես այս առաջնությունը դիտարժան էր, իսկ հայտնությունը՝ կրկին Կոստա-Ռիկայի հավաքականը:
«Անակնկալներ բնականաբար եղան: Գլխավոր անակնկալն ու հաճելի բացահայտումը Կոստա-Ռիկան էր: Անակնկալ էր նաև Իտալիայի և Անգլիայի, ինչպես նաև գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականների դուրս մնալը և Կոլումբիայի հավաքականի դիտարժան խաղը », – նշեց նա:
Նրա համար կիսաեզրափակչի այս զույգերը սպասելի էին: «Ես դեռ առաջնության սկզբից նշել էի, որ Գերմանիայի հավաքականին ես տեսնում եմ ոչ միայն կիսաեզրափակչում, այլև չեմպիոնի կարգավիճակում: Հոլանդիային մտովի հասցրել էի մինչև քառորդ եզրափակիչ: Բնականաբար Բրազիլիան և Արգենտինան ձգտելու են եզրափակչի: Արգենտինայի խաղը մշտապես կախված է Մեսսիից և, եթե ստացվում է Մեսսիի խաղը, ապա նա շարժվում է առաջ», – եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին՝ Բրազիլիա Գերմանիա խաղը կկայանա վաղը՝ 23:59, իսկ Հոլանդիա-Արգենտինա հանդիպումը հուլիսի 9-ին՝ նույն ժամին: