Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Արմավիրում ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունման ժամանակ շատ երկրներ ընտրում են «մոդելային սահմանադրությունը», որն այլ երկրների սահմանադրությունների իմպլեմենտացիան է: «Այն վտանգավոր է, քանի որ չի արտացոլում այդ երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, արժեհամակարգը, մտածելակերպը: Սահմանադրությունն առաջին հերթին պետք է ապահովի մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»,- ասել է Հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ օրենքի գերակայությունն աստիճանաբար կարող է մարդուն դնել սահմանադրության լուսանցքում, որովհետեւ այդպիսով բարձրանում է պետության օրենքների նշանակությունը` ստվերելով մարդու իրավունքները:
Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, 2005թ-ի Սահմանադրությամբ հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժեր ապահովել, սակայն մարդու իրավունքների առումով այն չապահովեց համապատասխան լուծումներ:
«Ինչպե՞ս պետք է կարողանան մարդու իրավունքները իրացվել, ինչպե՞ս պետք է ապահովվի դրանց իրականացումը. այս հարցերը գործող Սահմանադրությամբ մնում են բաց: Այսօր բոլորն էլ ցանկանում են ունենալ արդար ու անկախ դատական համակարգ, ամուր հիմքերով մարդու իրավունքների ինստիտուցիոնալ համակարգ, դրա համար իշխանությունը պետք է իրապես սահմանափակվի մարդու իրավունքներով: Ես ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ իմ երեխան կախված չէ չինովնիկի հայեցողությունից, որտեղ Սահմանադրությունը հստակ սահման է դնում իշխանության գործունեության նկատմամբ»,- նշել է Հանձնաժողովի նախագահը:
Ըստ նրա՝ գործող Սահմանադրությում առկա են, այսպես ասած, ճեղքեր, որոնք հաճախ լցվում որոշ մարդկանց հայեցողություններով: Վերջիններիս սահմանները պետք է լինեն որոշակի, օրենքները` հստակ: «Սահմանադրությամբ իրավական որոշակիությունը պետք է գերակայի, որպեսզի հայեցողական մոտեցումների հնարավորությունը բացառվի: Մարդիկ զբաղեցնում են պաշտոններ եւ սկսում լուծել սեփական սոցիալական խնդիրները, տեղի է ունենում քաղաքական, տնտեսական եւ վարչական սերտաճում, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը սկսում է չաշխատել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմքը սխալ ենք դրել, այս երեւույթը պետք է արմատախիլ արվի հենց Սահմանադրության դրույթներով»,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հանրային իրավական պատասխանատվության հարցին` Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ ինստիտուտն իրավական պետությունում ունի իմպերատիվ նշանակություն: Որքան շատ է իրավական անորոշությունը, այնքան սուբյեկտիվ կամքի արտահայտման հնարավորությունը մեծանում է:
Ըստ նրա՝ գործող Սահմանադրությամբ չկա հստակություն սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների միջեւ, եւ եթե դրանց լուծումները չտրվեն այսօր, ապա մեր սերունդները կկանգնեն բարդ իրավիճակի առջեւ:
Անդրադառնալով կառավարման ձեւի փոփոխման անհրաժեշտությանը՝ Գագիկ Հարությունյանը նշել է ԱՄՆ օրինակը, որտեղ նախագահը միայնակ չի կարող որոշումներ կայացնել, քանի որ այդ երկրում ստեղծվել է կառավարման ամուր համակարգ: «Մենք պետք է ընդունենք այնպիսի Սահմանադրություն, որը կապահովի մեր երկրի կայուն դինամիկ զարգացումը: Մենք պետք է իմաստավորենք մեր գոյը, դարձնենք այն արժեհամակարգ եւ դնենք Սահմանադրության հիմքում»,-ասել է Հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով, որ պետք է սահմանենք իշխանության որոշակի վարքականոն, որն ուղղված կլինի դեպի մարդը, նրա իրավունքներ ու ազատությունները: Հարցուպատասխանի ժամանակ հարցադրումներ են հնչել մարդու իրավունքների գերակայության, հանրային իրավական պատասխանատվության, կառավարման ձեւի եւ այլ խնդիրների վերաբերյալ, տրվել են սպառիչ պատասխաններ:
Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա Գավառ քաղաքում, հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին: