ՄՈՍԿՎԱՆ ՀԱՎԱՏԱՑ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, մարտի 4-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններն ավարտվեցին հենց առաջին փուլում` Վլադիմիր Պուտինը հավաքեց ընտրողների 63.6 տոկոսի ձայները: Նրա հիմնական եւ իրական մրցակիցը` Գենադի Զյուգանովը,  ստացավ ձայների 17.18,  իսկ միլիարդատեր Միխայիլ  Պրոխորովը` միայն 7.77 տոկոսը:  
Ռուսաստանի Ժաշնության  վեցերորդ նախագահական ընտրություններն էլ անցան ինչպես բոլոր նախորդները` համատարած ընտրակաշառքով, լցոնումներով եւ  «կարուսելներով»: Ընտրությունների օրն էլ, ինչպես միշտ, Մոսկվա բերվեցին մեծաթիվ ոստիկանական եւ զինվորական ուժեր` համենայնդեպս, կամ, ինչպես ռուսներն են ասում` «на всякий пожарный случай»` ի տես եւ զգուշացումն բոլորի: Մի խոսքով, չնայած այն հույսերին, որոնք արթնացան 2011թ. դեկտեմբերի 4-ին   կայացած ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո, ամեն ինչ  զարգացավ ցավալիորեն  նույն սցենարով: Ինչպես նախօրեին նշեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին. «Ռուսաստանը  ապագա չունի, քանի որ այսօր այդ երկիրը զբաղված է անցյալի կառուցմամբ»: Ասվածը բավական դիպուկ է` հաշվի առնելով այն, որ ռուսաստանցիների եթե ոչ 63.6 տոկոսը, ապա համենայնդեպս, որոշիչ մասն իրենց ապագան տեսնում են մի առաջնորդի մեջ, ով ոչ միայն ինքն է այդ անցյալից, այլեւ իր` ռուսական կայսրությունը վերականգնելու  ծրագիրը, որի իրականացմանը հերթական անգամ կստորադասվեն շարքային ռուսաստանցիների բարեկեցությունն ու  ազատությունները: Սակայն սա է այն ընտրությունը, որը կատարել են ՌԴ քաղաքացիները` անկախ ընտրություններում տեղ գտած խախտումների քանակից:
Ի դեպ, որոշ հեղինակավոր փորձագետների կանխատեսմամբ, Պուտինի վերադարձը նախագահական աթոռին կհանգեցնի  արմատականության (ռադիկալիզացիայի) ակտիվացման ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ ոչ լրիվ ավտորիտար երկրներում:
Իսկ առայժմ  Ռուսաստանի կոմունիստները մեկ առ մեկ հաշվարկել են Պուտինի նախընտրական խոստումների արժեքն, ու պարզվել է, որ  Վլադիմիր Վլադիմիրովիչի նախընտրական խոստումներն իրագործելու համար կպահանջվի 5 տրիլիոն 378 միլիարդ ռուբլի: Պատկերացնելու համար պուտինյան խոստումների իրական գինը, արժե նշել, որ Ռուսաստանի 2012 պետական բյուջեի եկամտային մասը  կազմում է 11 տրիլիոն 789 միլիոն ռուբլի, մինչդեռ ծախսային մասը գերազանցում է` կազմելով 12 տրիլիոն 658 միլիոն ռուբլի: Ասել է թե` մոտ 870  միլիոն ռուբլու բյուջեի դեֆիցիտ ունեցող երկրի նախագահը  5 տրիլիոնի նախընտրական խոստումներ է շռայլել: Սակայն այս ամենն այլեւս կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Մոսկվան հերթական անգամ հավատաց ոչ միայն Պուտինի նախընտրական խոստումներին, այլեւ նրա  արցունքներին` անկեղծ, թե քարոզչական, դժվար է ասել: Թերեւս, երկուսը միասին:  Այսպիսով`  «միակ տղամարդու» իմիջն այլեւս մոդայիկ չէ: Սկսվում է  «լացող միակ տղամարդու» պաշտոնաշրջանը:




Լրահոս