Շաբաթ օրն «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարն էր, որին մասնակցում էին Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀԿ-ի «կարկառուն» ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը: Հայրենի կուսակցություններից ոչ ոք ներկայացուցիչ չուներ` չնայած ՕԵԿ-ականները պնդում են, որ «Ժառանգություն»-ից ինչ-որ մեկը ներկա է եղել: Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՕԵԿ ղեկավար, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որի ելույթից առաջ մի «հուզումնալից» տեսանյութ ցուցադրվեց` կուսակցության անցած ուղու մասին: ՕԵԿ-ի նախընտրական ցուցակի վերաբերյալ ոչ մի բան չխոսվեց, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը նշեց, որ սահմանված ժամանակում իրենք կներկայացնեն այն:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՕԵԿ-ականները հավաքվել էին 10-րդ համագումարին մասնակցելու համար: Համագումարին ներկա էին ՕԵԿ նախարարներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորները: Նախ ՕԵԿ-ականների կողմից ընտրվեցին կուսակցության աշխատանքային մարմինները: Այնուհետեւ Բաղդասարյանն առաջարկեց դիտել տեսաֆիլմ ՕԵԿ-ի անցած ճանապարհի վերաբերյալ: Ներկայացնենք մի քանի դրվագ տեսաֆիլմից, որը մի քանի րոպե տեւեց. այն սկսվեց ժողովրդի վանկարկումով` «հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ» բառերով, ապա մատուցվեց, թե ինչպես է 15 տարիների ընթացքում ՕԵԿ-ը հավատով ու հույսով «աշխատում»:
Տեսաֆիլմում ՕԵԿ ղեկավար, ԱԱԽՔ Բաղդասարյանը նշեց, որ այս 15 տարիներն իրենց համար եղել են քաղաքական պայքարի տարիներ: Տեսաֆիլմի ավարտից հետո խոսքը տրվեց Արթուր Բաղդասարյանին, վերջինս այս տարիների ընթացքում կուտակած ամբողջ «մաղձն» արտահայտեց իր ելույթի ժամանակ: Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ը վաստակել է ժողովրդի վստահությունը, որի պատճառով էլ ներկայացված է եղել ԱԺ բոլոր նստաշրջաններին:
Ի դեպ, նշենք, որ Բաղդասարյանի՝ 40 րոպե տեւած ելույթի ժամանակ ողջ ՕԵԿ-ականները հորանջում էին, իսկ ՕԵԿ նախարարները շատ անտրամադիր այս ու այն կողմ էին նայում: «Շնորհիվ ՕԵԿ-ի խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշման` մենք 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում կազմեցինք քաղաքական կոալիցիա` դրանով մեր երկիրը զերծ պահելով ներքին բախումներից եւ մեր քաղաքական թշնամիների կողմից անընդհատ հոխորտացող սպառնալիքից»,-ասաց Բաղդասարյանը: Խոսելով քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի շրջանում վստահության բացակայությունից` ՕԵԿ նախագահը նշեց, որ հասկանում է մարդկանց, քանի որ այդ ուժերը խաբել են ժողովրդին. «ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր ընտրողներին, ՕԵԿ-ը հաճախ եղել է չհասկացված: Մենք ուզում ենք լինել առավել լսելի, առավել հասկացված, որպեսզի մեր գաղափարները եւ մարդկային մեր տեսակը լինի հասկացված»:
Դիմելով դահլիճում ներկա ՕԵԿ-ականներին` Բաղդասարյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` իրենք շատ անելիքներ ունեն:
Նա նաեւ շեշտեց, որ կուսակցությունն իր 150 հազար անդամներով սատարելու է Սերժ Սարգսյանին, քանի որ «նա թիվ մեկ պաշտոնյան է, որը ցանկություն ունի առաջ տանել այս երկիրը», որի ժամանակ ՕԵԿ-ականներին պարտադրեցին ծափահարել, քանի որ հեռվից ինչ-որ մեկն անընդհատ գոռում էր «ստեղ ծա՛փ տվեք, ժողովո՛ւրդ»: Այնուհետեւ Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, այլ կլինեն երիտասարդ դեմքեր: Նաեւ ասաց, որ ՕԵԿ-ն իր ձգտումներում միշտ էլ ազնիվ է եղել, եւ դա է պատճառը, որ իրենց կարգախոսը հետեւյալն է. «Վստահե՛ք, որ կառուցենք օրենքի Հայաստան»:
Բաղդասարյանը, ավարտելով իր ելույթը, ամփոփեց, որ իրենք ազնիվ մրցակցությանն են կողմ. «ՕԵԿ-ի համար քաղաքական ազնիվ մրցակցությունը եւ քաղաքական շիտակ պայքարն առաջնային է, մենք դեմ ենք քաղաքական ատելությանը, քաղաքական պատերազմին, եւ ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ ՕԵԿ-ն անհաղորդ է լինելու բոլոր պատվիրված հարձակումների դեմ: Ցավոք, այսօր կան ուժեր եւ մարդիկ, որոնք մտածում են հետեւյալ կերպ, որ իմ գործերը լավ են, դա դեռ քիչ է, եթե քո գործերը վատ լինեն, նոր ես լավ կլինեմ, մենք նման կերպ չենք մտածում: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ազնիվ պայքարի: 4 տարի շարունակ ՕԵԿ-ին քարկոծեցին, այսօր եկել է այդ քարերը հավաքելու եւ անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը»:
Հ.Գ. Այսպիսով` տեղի ունեցավ արդեն երկրորդ խորհրդարանական կուսակցության համագումարը (նախորդը «Ժառանգություն»-ն էր), որտեղ չհստակեցվեց կուսակցության համամասնական ընտրացուցակը: Հետաքրքիր է, թե ինչի են սպասում կուսակցությունները. Պուտինն էր, ընտրվեց: Գուցե ՀՀԿ-ի համագումարի՞ն:
ՕԵԿ-Ը ՆԵՏՎԱԾ ՔԱՐԵՐՆ Է ՀԱՎԱՔԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ