ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Խաչատուր Սուքիասյանը պաշտոնապես հայտարարել է գալիք ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին: Հիշեցնենք, որ Սուքիասյանը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել այդ նույն ընտրատարածքից, սակայն 2009թ. հոկտեմբերի 6-ին զրկվել էր պատգամավորական մանդատից, երբ նրան մեղադրանք էին առաջադրել զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

ՊԱՊՈՅԱՆԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Մարտի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել «Գապբնակշին» եւ «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին,  ով  Երեւանի  Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով բազմաթիվ  քաղաքացիներից խարդախությամբ  հափշտակել է 407 մլն 413 հազար ՀՀ դրամ:

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեկ թալանել են Ռուբեն Հախվերդյանի` Վանահովիտ գյուղում գտնվող տունը: Երգահանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ բնակարանից տարել են «մի հատ տելեվիզր, պատի ժամացույց, ափսե-մափսե»: Ինքը` պարոն Հախվերդյանը, ոստիկանություն չի դիմել եւ ոչ մի բողոք չի ներկայացրել, ոստիկանություն դիմել է ամառանոցի պահակը:  Երգահանն ասել է, որ հարկ եղած դեպքում ոստիկանությանը կամ դատարանին կխնդրի գողերի հանդեպ խիստ չլինել: Հետաքրքիր է, իսկ եթե գողերն արժեքավոր իրեր տարած լինեին, Հախվերդյանը նույնքա՞ն բարեհոգի կգտնվեր:

Ո՞Վ Է ԽՈՐՏԱԿՎԱԾԸ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքի ընթացքում Քոչարյանի մասին հնչեցրած «խորտակվող նավ» բնորոշմանը, «Մեդիամաքս»-ին ասել է. «Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել` ո՛չ ԼՂՀ-ում, ո՛չ էլ ՀՀ-ում, ու դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում, ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ «խորտակման» մասին կարող է այստեղ խոսք գնալ` պարզ չէ: ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին»:

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած այցի շրջանակում մարտի 5-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերը զարգացնելու եւ ամրապնդելու հարցեր:

«ՇԱՆԹ»-Ն ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է

Ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը. քաղաքական գովազդի 1 րոպեն այս հեռուստաընկերությունում արժե 120 հազար դրամ: Երկրորդ տեղում «Արմենիա»-ն է` 110 հազար դրամ:  Իսկ երրորդ տեղում Հ1-ն է` 80 հազար դրամ սակագնով:  2007-ի համեմատ կտրուկ նվազել է «Երկիր մեդիա»-ի սակագինը: 100 հազար դրամի փոխարեն այս տարվա նախընտրական շրջանում 1 րոպե քաղաքական գովազդը կարժենա 36 հազար դրամ: Նվազել է նաեւ «Կենտրոն»-ի գովազդի սակագինը: Եթե 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այն արժեր 108 հազար դրամ, ապա այս քարոզարշավի ընթացքում 1 րոպեն կարժենա մոտ 32 հազար դրամ: Ամենացածր սակագինը սահմանել է «Արմնյուզ»-ը. 1 րոպե քաղաքական գովազդն այստեղ 18 հազար դրամ արժե: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԱՆԺԵԼԱՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի դատավարության ժամանակ հարցաքննվել են 3 վկաներ, ինչպես նաեւ Անժելա Սարգսյանի ամուսինը` Ղազար Ավետիսյանը:




Լրահոս