ՄԱՐԶՊԵՏԸ «ԲՌՆՎԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթից 2,5 միլիոն դրամ պահանջող Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը դատարանից խնդրում է պարտադրել մեզ` տպագրելու տեքստը, թե ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հայտնում է, որ 07.10.2011-ի թիվ 171 համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նշված հոդվածը հրապարակելուց առաջ պատճաշ կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ` պարզելու նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանելու փաստը, ուստի հայցում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներողամտությունը»:
ԲՀԿ-ի մասով արդեն տեղեկացրինք, որ կուսակցությունը «Ժողովուրդ»-ից ներողություն չի ակնկալում, հետեւաբար ծիծաղելի է հանուն նրանց ներողության պարտադրանքը: Իսկ թե ինչ է ուզում մարզպետը, միանգամայն պարզ է, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կողմից նշանակված գրեթե բոլոր բարձրաստիճան չինովնիկներին` այդ թվում եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, ամեն ամիս գումար է վճարում` «մաքուր» աշխատելու համար ու, բնականաբար, կզայրանա, երբ իմանա, որ մարզպետը կաշառք է վերցնում: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը տպագրեց Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ իր մրցակցից մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել` Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցիչ նշանակելու համար, Պողոսյանը «բռնվեց»: Եւ փոխանակ Աննա Թորոսյանին դատի տար` սուտ մատնության համար, «Ժողովուրդ»-ին է դատի տվել` հա՛մ փող կաշխատի, հա՛մ էլ Ծառուկյանին կփորձի ապացուցել, որ կաշառակեր չէ: Բայց չէ՞ որ բոլորին էլ պարզ է` մարզպետը կաշառք է վերցրել, ինչպե՞ս կամ ինչո՞ւ ճշտեինք երրորդ անձի կողմից արված պնդումը:




Լրահոս