«Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, ու շատ անգամ մեզ մոտ այդ ասվածը ճշմարիտ չէ, ու դա արդեն քսանհինգ տարի Հայաստանում այդպես է, ես կարող եմ իմ փորձից ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե կուսակցության անդամների, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ու Ռուբիկ Հակոբյանի միջև լարվածություն կա:
Հարցին, թե հնարավոր է, որ Զարուհի Փոստանջյանը կրկին ղեկավարի խմբակցությունը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման հարցադրում չկա. Փոստանջյանն ընտրվել է միջազգային հարաբերությունների գործով քարտուղար, կտնօրինի հարաբերությունները տարբեր երկրների եւ ԵԺԿ-ի հետ:
Ինչ վերաբերում է վերջին համագումարի ժամանակ «Ժառանգության» նորընտիր վարչության կազմին ու այնտեղ Ստյոպա Սաֆարյանի ու Հովսեփ Խուրշուդյանի բացակայությանը, ապա Հովհաննիսյանն ասաց, որ համագումարի ժամանակ վարչության երիտասարդացում է եղել, նոր դեմքեր կան, և բնական է, որ լինելու էր հերթափոխ: Նա նշեց, որ վարչության նախկին անդամները, օրինակ Ստյոպա Սաֆարյանն իր կենտրոնով է զբաղվելու, Խուրշուդյանը զվաղվելու է կուսակցության տեղեկատվական հարցերով: «Սա բնականոն է, այստեղ որևէ դավային տեսություն պետք չէ փնտրել»,-նկատեց նա:
«Ժառանգություն» գրասենյակի տեղափոխումը Հովհաննիսյանը պայմանավորեց տեխնիկական հարցերով: «Տեղափոխվել ենք տնտեսավարման, օպտիմալացման պատճառով, մենք ֆինանսապես ոչ մի պետությունից կախված չենք, զուտ տեխնիկական է», – ընդգծեց նա: