ՍՊԱՐԱՊԵՏԻՆ ԷԼԻ ՀԻՇԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր. նա կդառնար 53 տարեկան, եթե հայերը խորհրդարանում չգնդակահարեին: Սպարապետի շիրիմին` Եռաբլուր էին այցելել Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ անդամները, ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որոնք ծաղիկներ դրեցին Սպարապետի շիրմաքարին: Իսկ ՊՆ-ում Վազգեն Սարգսյանի ծնողները մասնակցեցին  Սպարապետին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
11:30-ի սահմաններում ԵԿՄ վարչության նախագահն այցելեց Եռաբլուր, վերջինիս սպասում էին ԵԿՄ երիտասարդները, որոնք Սպարապետի ծննդյան օրը երդվեցին ծառայել հայրենիքին: Գրիգորյանը Եռաբլուր ժամանեց Սեյրան Սարոյանի հետ, գեներալները  որոշ ժամանակ սպասեցին, մինչ իրենց միացավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը: Այդ ընթացքում մի կին փորձում էր մոտենալ Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինիս թիկնապահները չէին թողնում: Ստիպված կինը լացակումած բղավեց. «Թողե՛ք մոտենամ գեներալին», ինչին ի պատասխան` Գրիգորյանը շուռ եկավ ու գոռաց. «Արդեն չափն անցա՛ր,  հերիք ա»: Տիկինը սուսուփուս հեռացավ:
Քիչ անց Գրիգորյանին մոտեցավ բոլորին հայտնի ՀՀՇ-ի Գեւորիկը եւ ժամացույց նվիրեց, որտեղ Գրիգորյանի եւ Սպարապետի նկարներն էին տեղադրված: Գեւորիկը, բնականաբար, իր «հասանելիք» գումարը ստացավ: Այնուհետեւ Գրիգորյանը, Կճոյանն ու Սարոյանը ծաղիկներ դրեցին Սպարապետի շիրիմին: Երիտասարդ երկրապահների երդման արարողությունից հետո Գրիգորյանը ելույթ ունեցավ (կմկմալով կարդաց)` երիտասարդ եւ ավագ սերնդի երկրապահներին կոչ անելով պատվով կատարել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործը:
Մանվել Գրիգորյանը, խոսելով իր մարտական ընկերոջ մասին, նշեց, որ Վազգեն Սարգսյանը հզոր դերակատարություն է ունեցել ինչպես արցախյան ազատամարտի տարիներին` պատերազմի դաշտում, այնպես էլ պետականաշինության գործում: «Աշխարհը հաշվի էր նստում մեզ հետ, որովհետեւ կար Վազգենը»,-ասաց նա:
Փաստորեն, հիմա որ Սերժ Սարգսյանն է, էլ աշխարհը մեզ հետ հաշվի չի նստում: Ու հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչու է ԵԿՄ-ն սատարում Ս.Սարգսյանին:
Այնուհետեւ, երբ ԵԿՄ երիտասարդները երգում էին, Գրիգորյանը որոշեց շարքից դուրս գալ եւ ծխել` իրեն հատկացված փոքր աթոռին նստելով: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Գրիգորյանի հետ, սակայն վերջինս շատ բռի կերպով հրաժարվեց: Մեր հարցից, թե ԵԿՄ-ն, լինելով ապաքաղաքական կառույց, ինչու է որոշել քաղաքական դաշտ մտնել եւ սատարել Սերժ Սարգսյանին, Գրիգորյանը շատ վրդովվեց եւ հայտարարեց, որ ինքը միշտ էլ Սարգսյանի կողքին է եղել, բոլոր ժամանակներում, եւ ԵԿՄ-ն այստեղ կապ չունի:
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչները եւս այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
Սպարապետի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար»:
Իսկ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշեց, որ ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերվի իր զավակին` ազգային բանակին:
Ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգեւատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:
Ի դեպ, արձանագրենք, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա շիրիմին ծաղիկների ու ծաղկեպսակների պակաս չկար: Այնտեղ ծաղկեպսակ էին ուղարկել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` բացառությամբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի:
Հ.Գ. Վերջում արձանագրենք, որ ամեն ընտրությունից առաջ ՀՀ մեծ ու փոքր պաշտոնյաները մի տեսակ վազգենասեր են դառնում: Նույն պաշտոնյաները նախկինում տարբեր պատճառներ էին փնտրում` Եռաբլուր այցելելու օրերին երկրում չլինելու համար, իսկ հիմա գնում են Վազգենի տուն, որոնց Սարգսյանի ընտանիքը բարեհոգաբար ներում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս