Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովը հայտարարել է, որ իր որդին՝ Ռոմանը, ԱՄՆ-ում չի ձերբակալվել: Այսպիսով, նա հերքել է այս մասին արևմտյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը:
«Ես հաստատ համոզված եմ, որ իմ որդին չի ձերբակալվել ԱՄՆ-ում, որովհետև նա այնտեղ չի եղել», – այսօր հայտարարել է Սելեզնյովը:
Ավել վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ 30-ամյա Ռոման Սելեզնյովը հուլիսի 5-ին ձերբակալվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Գործակալության աղբյուրները նշել էին, որ նա ռուս պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին է:
Ռոման Սելեզնյովին կասկածում են ամերիկյան մանրածախ առևտրի ընկերությունների համակարգիչները կոտրելու մեջ: Հետաքննության տվյալներով, նա հափշտակել է այդ ընկերությունների հաճախորդների 200 հազար քարտերի համարներն ու ծածկագրերը, այնուհետև ինտերնետում վաճառել դրանք՝ ստանալով մոտ 2 մլն դոլար եկամուտ:
Ինչպես նշում է պատգամավորը, իր որդին ծրագրավորող չէ և չի կարող կապ ունենալ նման մեքենայությունների հետ: Միևնույն ժամանակ, պատասխանելով Ինտերֆաքսի հարցին, Սելեզնյովը խոստովանել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է իր որդին: Նրա խոսքով, Ռոմանը «հանգստանում է ինչ-որ տեղ արտերկրում, սակայն ոչ ԱՄՆ-ում»: Նա նաև նշել է, որ չի կարողանում որդու հետ կապ հաստատել հեռախոսով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ռոման Սելեզնյովը ձերբակալվել է Մալդիվների միջազգային օդանավակայանում, որից հետո ամերիկյան գաղտնի ծառայության գործակալները նրան տեղափոխել են Գուամ: Ամերիկյան իշխանությունների նման քայլը արտգործնախարարությունը որակել է «ոչ բարեկամական»՝ հայտարարելով, որ դիվանագեներն ամեն բան կանեն Սելեզնյովի ձերբակալման պարագաները պարզելու և նրա շուտափույթ ազատ արձակման համար: