Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր նախկին քաղբատարկյալ Ֆելիքս Գեւորգյանի դատական գործը: Երեկվա նիստում ցուցմունք տվեց մեղադրյալը:
Նախ հիշեցնենք, թե ինչու է այդ կարգավիճակում հայտնվել Ֆելիքս Գեւորգյանը: 33-ամյա երիտասարդը մեղադրվում է 2011 թվականի մարտ ամսից մինչեւ հուլիսն ընկած ժամանակահատվածում թվով չորս դրվագ գողություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի` գողություն, 1-ին մասով եւ 2-րդ մասի 3-րդ կետով, այս մեղադրանքը նախատեսում է մինչեւ վեց տարվա ազատազրկում: Նշենք, որ Ֆելիքս Գեւորգյանն անազատության մեջ էր հայտնվել 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր ապօրինի զենք հափշտակելու ու պահելու համար: Գեւորգյանը համաներումով ազատվել էր, սակայն նրա եւ ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են մինչեւ այսօր:
Հիշեցնենք նաեւ, որ Գեւորգի հայրը` Պետրոս Գեւորգյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ ինքն Աջափնյակ համայնքի ՀԱԿ գրասենյակի ղեկավարն է, եւ հենց այդ պատճառով է, որ իր որդուց այս կերպ փորձում են վրեժխնդիր լինել:
Երեկ Գեւորգյանը դատարանում մանրամասն պատմեց, թե ինչպես են 2011 թվականի սեպտեմբերի առավոտյան Զովունիում գտնվող իրենց բնակարան ներխուժել Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գեւորգյանը, նրա տեղակալ Արկադի Թադեւոսյանը եւ մի քանի ոստիկաններ, որոնք առանց իրեն մեղադրանք ներկայացնելու` բերման են ենթարկել Մաշտոցի ոստիկանական բաժանմունք:
Ֆելիքս Գեւորգյանը պատմեց, թե ինչպես են Մաշտոցի բաժանմունքում խոշտանգելով ստիպել իր վրա վերցնել մի շարք գողություններ, որոնք ինքը չի կատարել: Մեղադրյալը նշեց, որ խոստովանական ցուցմունք ստանալու համար իրեն ոչ միայն ծեծի, այլեւ հոգեբանական ճնշման են ենթարկել` սպառնալով, որ եթե իր վրա չվերցնի գողությունները, ապա իր ընտանիքի անդամները նույնպես պատասխան կտան: Դրանից հետո նա ստորագրել է ինքնախոստովանական ցուցմունքը:
Դատական նիստի ընթացքում Ֆելիքս Գեւորգյանը պատասխանեց պաշտպանող կողմի, դատավորի եւ մեղադրող կողմի բոլոր հարցերին: Տեխնիկական թերությունների պատճառով (դատավորը հայտարարեց, որ դատարանը հոսանքազրկվելու պատճառով համակարգիչը չի աշխատում, եւ ձայնագրություն չեն կարող կատարել) դատական նիստը տեղափոխվեց մարտի 15-ին` ժամը 14:00-ին:
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՆՈՒՇԱԿ ԹԱՎՐԻԶՅԱՆ