ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԴԱԼ ՍՏԱՑԱՎ

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը, որտեղ գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների: Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Սարգսյանին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում եւ ունի 70 տարվա պատմություն:

20 ՄԼՆ ՓՈԹՈՐԿԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Կառավարությունը երեկվա նիստում Վարդենիսում օրերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժածներին աջակցության ծրագիր հաստատեց: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության նիստում ասաց, որ ուժեղ քամին Վարդենիսում մեծ վնաս է պատճառել մասնավոր եւ հանրային շինություններին: Կառավարությունը որոշեց աղետից տուժածներին ընդհանուր 20 մլն դրամ հատկացել, որը պետք է բաշխվի ըստ հրատապության:

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԻՐԱՔՈՒՄ

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Բաղդադ): Կ. Գրիգորյանը վերջին երեք տարիներին եղել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։

ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

Սերիալային հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին… Ամենադժվար տարիներին, մութ եւ ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ` ոչ… բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի եւ էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի, Հայաստանն այլեւս չեմ ուզում համարել իմ հայրենիքը…»: Դերասանը վրդովված է ճանապարհային ոստիկանության վերաբերմունքից, ով իրեն տուգանել է 200000 դրամի չափով:

50 ՄԼՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո: Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողություններն արտահանման խթանման, տեղական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում:

ԱՌԱՆՑ ՆՎԵՐ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյակի կապակցությամբ ոչինչ չի նվիրել: Այս մասին երեկ` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: «Որեւէ նվեր, նման ձեւաչափ չկա մեր մեջ: Մենք մեր լավ աշխատանքով փորձում ենք նախագահի բեռը կիսել, կարծում եմ` դա ավելի լավ նվեր է: Բացի դրանից ես այդ օրը կայքում շնորհավորել եմ, այնուհետեւ հեռուստատեսությամբ»,-ասաց նա:

 

 




Լրահոս