«Մենք կրկին համոզվեցինք, որ ընտրված վարքագիծը ճիշտ է եղել։ Եթե Ալիեւին 30 վայրկյան տեւողությամբ հարց տայինք, առանց արձագանքի հնարավորության սխալ կլիներ, քանի որ հնարավորություն կտային Ալիեւին շեղվելու Ադրբեջանի խնդիրներից»:
Արփինե Հովհաննիսյան Armlur.am
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահությամբ ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում, որի մասին խոսում է ՀՀԿ-ական պատգամավորը, եւ նիստին մասնակցած պատվիրակությունն էլ կազմված էր միայն ՀՀԿ-ականներից՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, իրենք իրենց որոշում են, որ ընտրված վարքագիծը, այսինքն՝ միջազգային հանդիպումների ժամանակ ի պատասխան ադրբեջանցիների եւ այլոց հարցադրումների ու մեղադրանքների՝ լռություն պահելը միակ ճիշտ վարքագիծն է: Դե եթե ՀՀԿ կանայք պետք է որոշեն, թե որն է ճիշտը, ուրեմն անիմաստ է ակնկալել որեւէ հաջողություն ՀՀ քաղաքականության մեջ:
«Հայրս ասում էր՝ լսիր բոլորին, բայց հիմնվիր քո ներքին վստահության, ներքին ձայնի վրա: Ասում էր՝ ամենամեծ վտանգը ղեկավարի համար այն է, երբ ինքդ քո մեջ ես պառակտված: Այդպես դժվար է որոշում կայացնելը»։
Հասմիկ Պողոսյան «Առավոտ»
ՀՀ մշակույթասպան նախարարը եթե իրականում հիմնվում է իր ներքին վստահության վրա, ապա ստացվում է, որ նա միանգամայն ներքին վստահությամբ է Զվարթնոցի եւ Գառնիի տաճարների տարածքները օրավարձով հանձնել կիսամերկ «փարթիներ» եւ բանկետներ կազմակերպելու համար: Կարեւորը, որ տիկին Պողոսյանն ինքն իր մեջ պառակտված չլինի, որպեսզի ավելի հեշտությամբ որոշումներ կայացնի՝ Հայաստանի մշակութային հերթական հուշարձանը, ազգային հերթական արժեքը պղծելու վերաբերյալ: Չէ որ այդ ամենը նաեւ եկամուտ ստանալու աղբյուր է, ինչը նախարարի համար ամենակարեւորն է:
«Կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն, կառավարման ձեւը վերածվում է սուպերնախագահականի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա՝ պառլամենտականի: Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ…»:
Հրայր Թովմասյան 168.am
Արդարադատության նախարարի պաշտոնից զրկվելուց եւ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ մնալուց հետո էլ Հրայր Թովմասյանի շարադրած մտքերն առանձնապես չեն փոխվել: Սուպերնախագահական՝ չգիտենք, բայց սուպերնախարարական համակարգ մենք արդեն ունենք, չնայած սուպերնախագահական էլ իրականում կա, եթե հաշվի առնենք, որ ամեն ինչ որոշվում է Սերժ Սարգսյանի կողմից, մնացած պաշտոնյաներն ընդամենը միջանկյալ օղակներ են, խոսք փոխանցողներ, եւ այնքան են սովոր այդ կարգավիճակին, որ անգամ թույլ նախագահ ունենալու դեպքում ինքնուրույն չեն կարող գոյատեւել:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ