ՉԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում Արիչոկ մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7-ամսյա կալանքից հետո Լոռու դատախազության կողմից քրգործի վարույթը կարճվելու հիմքով ազատված 25-ամյա Արեն Հարությունյանը հիմա էլ բնակարանային գողության փորձի մեջ է կասկածվում: Նա, սակայն, այս անգամ էլ ազատության մեջ է մնացել` Լոռու դատարանի որոշմամբ: Արիչոկի սպանության գործով մեղադրանքի համաձայն՝ Ստեփանավանի Արեւելյան փողոցի իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ իրեն վիրավորելու պատճառով Արեն Հարությունյանը, վիճաբանության մեջ մտնելով Արա Հախվերդյանի հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին եւ սպանել: Իսկ Արեն Հարությունյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի համաձայն, Արիչոկն իր ընտանիքի քնած ժամանակ ոչ սթափ վիճակում ներխուժել է իրենց տուն՝ ասելով, թե ցանկանում է զրուցել, ընթացքում վեճ է ծագել իրենց միջեւ, եւ Արիչոկը սպառնացել է հարվածել դանակով: Փորձելով բաժանել կռվողներին՝ Արենի մայրն ինքն է դանակի հարված ստացել: Տեսնելով, որ վեճը թեժանում է, Արենը վազել, խոհանոցից դանակ է վերցրել ու վերադառնալով՝ մի քանի անգամ հարվածել Արիչոկին: Իսկ երբ նկատել է, որ դիմադրությունը կոտրվում է, ու նա այլեւս չի կարող իրենց վնաս պատճառել, դադարեցրել է՝ ընտանիքի անդամներից պահանջելով ոստիկանություն ու շտապօգնություն զանգահարել: Լոռու դատախազությունը որոշել է, որ Արեն Հարությունյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում եւ այս հիմքով կարճել է քրեական գործի վարույթը:
Ինչ վերաբերում է Արեն Հարությունյանի կողմից գողության փորձին, այդ մասին հաղորդումը ստեփանավանցի մի կին է ներկայացրել ոստիկանություն: Նա հայտնել է, թե գիշերը պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է նախկինում դատված Արեն Հարությունյանին, ով գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձում էր ներս մտնել, սակայն իրեն տեսնելով՝ դիմել է փախուստի` ընթացքում գետնին գցելով բջջային հեռախոսը: Այն առգրավված է, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: Արեն Հարությունյանն էլ, իր տանից բերման ենթարկվելով, ձերբակալվել էր: Մինչդեռ նախաքննության մարմնի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է: Ինչպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը փոխանցեց «Ժողովուրդ»-ին, նույն գործի շրջանակում կալանքի եւ երկու բնակարանային խուզարկությունների միջնորդություններն իր կողմից չեն բավարարվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Լոռի




Լրահոս