ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
«Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է ամերիկացի դիվանագետների եւ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի միջեւ կայացած հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 24-ին: Հանդիպման մանրամասները հաղորդում է անձամբ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
ԱՄՆ Պետդեպին ուղարկված զեկուցագրում դիվանագետը ներկայացնում է նախկին օմբուդսմենի մտքերը ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հատկապես ուշագրավ են Հարությունյանի գնահատականները ՀՀ դատախազության՝ մասնավորապես Աղվան Հովսեփյանի գործունեության ու մեթոդների շուրջ: Յովանովիչը նկատում է, որ Հարությունյանն անգամ չի խորշել կշտամբանքի խոսքեր հնչեցնել Քոչարյանի ու նրա կառավարման շրջանի վերաբերյալ:
Խոսելով Փաստահավաք խմբի ստեղծման մասին` Հարությունյանն այն դրական ու մեծանշանակ է որակել: Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ դա կարող էր ընդդիմության համար բավականին լավ հնարավորություն դառնալ, եւ այն պետք է օգտագործվեր: Հարությունյանի պնդմամբ՝ ընդդիմությունը պետք է ջանքեր գործադրեր երկխոսության մասնակից դառնալու ուղղությամբ: Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը համաձայնել է ընդգրկվել փաստահավաք խմբի կազմում, այդուհանդերձ, հնարավոր առիթի դեպքում ձգտելու է իրեն հեռու պահել գործընթացից՝ հենց իր համար տհաճ արդյունքներ չբացահայտելու նպատակով: Հարությունյանի կարծիքով՝ փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ միայն միջազգային կառույցների ճնշման արդյունքում: Հարկ ենք համարում ավելացնել, որ դեսպան Յովանովիչը եւս փաստում է, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն է անձամբ ազդել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի ստեղծվի համեմատաբար անկողմնակալ խումբ, որի շրջանակներում իշխանամետ ուժերը չեն լինի տիրապետող:
Հետաքրքիր են Հարությունյանի մեղադրանքները, որոնցով, կարծես, նա փորձ է անում խմբի գործունեության հնարավոր տապալումը բարդել ընդդիմության վրա: Մինչդեռ բավականին արդյունավետ գործ կատարած աշխատանքային խումբը փաստացիորեն ցրվեց հենց Սերժ Սարգսյանի հրամանագրով: Ցավալիորեն, Հարությունյանն այդքան քաջություն չունեցավ հայտարարել, որ իշխանությունները լուծարեցին խումբը՝ իրե՛նց համար տհաճ արդյունքները չհրապարակայնացնելու մղումով:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նկատել է, որ ձերբակալված 70-ից ավելի քաղաքական գործիչների խնդիրն ամենամեծ քաղաքական հարցն է, որը կագնած է Հայաստանի առաջ. «Սա միանշանակորեն վնասում է մեր երկրի միջազգային հեղինակությանը»: Հարությունյանը նկատել է, որ իր հանդիպումները Գլխավոր դատախազի (այնժամ՝ Աղվան Հովսեփյանի-հեղ.) ու նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ցույց են տվել, որ ՀՀ կառավարությունը նույնիսկ սեփական դեմքը փրկելու համար ոչ մի քայլ չի իրականացնելու, որպեսզի գոնե լուծի ձերբակալվածների խնդիրը: Սա Հարությունյանը համարել է լիովին քաղաքական ու արհեստական քայլ: Նախկին օմբուդսմենը հատուկ շեշտել է, որ (նախկին) գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն օգտագործում է 1937թ. մեթոդները, ինչպիսիք էին ստալինյան ցուցադրական դատերը: Բանախոսի պնդմամբ՝ տարբերությունը միայն այն է, որ դրանք հարմարեցված են ներկայիս մարդու իրավունքների հիմնահարցերին:
Ա.Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը կբարելավի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Համեմատություն անցկացնելով Քոչարյանի կառավարման շրջանի հետ՝ նախկին օմբուդսմենը դրանք կոչել է կորսված տարիներ: Նա հստակորեն արտահայտել է իր բացասական վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ: Դեսպանը բառացիորեն նկատում է. «Մի պահ Հարությունյանն ավելի առաջ է գնացել ու Քոչարյանի ավտորիտար բնավորությունը որակել է որպես Ստալինի եւ Լենինի ամբողջություն՝ նկատելով, որ ինքը, հավանաբար, բանտում կլիներ, եթե Քոչարյանը նախագահ մնար»:
Փաստաթղթի ավարտին դեսպան Յովանովիչն արտահայտվում է Հարությունյանի մասին՝ նկատելով, որ «նա էլ է իր գործունեությունը սկսել որպես իշխանամետ գործիչ, ով իրականում մեծ ցանկություն չի ունեցել հրապարակայնորեն խոսել իշխանությունների սխալ գործողությունների ու բացթողումների մասին: Սակայն, ի վերջո, գտել է սեփական ձայնի իրավունքը եւ իրացրել իր սահմանադրական լիազորությունները: Հարությունյանի դեպքում, թվում է, Մարտի մեկի դեպքերն են ունեցել այդ նշանակությունը ու գրավել նրա ուշադրությունը: Սկսած այդ շրջանից՝ Հարությունյանը շատ ավելի ակտիվ է եղել ու համապատասխանաբար հարցեր բարձրացրել իշխանությունների առաջ՝ կապված մարդու իրավունքների ոտնահարման հետ եւ վայելել միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական շրջանակների հարգանքը: Նրա արդյունավետությունը, սակայն, սահմանափակված է իր էգոյով ու անձնական պատասխանատվությամբ: Նա, օրինակ, հրաժարվեց ակտիվ դերակատարություն ստանձնել խորհրդարանական հանձնաժողովում՝ ինստիտուցիոնալ խանդի պատճառով: Ինչեւէ, նա խոստացել է ամբողջապես ներգրավվել փաստահավաք խմբի գործունեության մեջ: Այս համատեքստում նկատենք, որ խորհրդարանական հանձնաժողովը բավականին կաղում էր պրոֆեսիոնալ անձնակազմ չունենալու առումով»:
Մեր կողմից փաստենք, որ Հարությունյանն իրականում հետեւողական չգտնվեց իր աշխատանքում՝ նախընտրելով առաջին իսկ հնարավորության դեպքում թողնել օմբուդսմենի պաշտոնը եւ աշխատանքի անցնել որեւէ միջազգային կառույցում: Լիովին աննշանակ չհամարելով հանդերձ նրա դերակատարությունը քաղբանտարկյալների ազատ արձակման ու ոճրագործության բացահայտմանը միտված որոշ գործողություններում՝ պետք է փաստենք, որ դրանք եղել են լոկ կիսաքայլեր՝ առանց օգտագործելու օմբուդսմենի ինստիտուտի ողջ ներուժը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ