ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԵՆ ԿՆՔԻ

Կատալոնական «Բարսելոնա»-ի` արդեն նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուլիսի 3-ին բուժզննում է անցել ֆրանսիական «Մոնակո»-ում: Այդ ակումբի ղեկավարները հրաժարվել են պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակ ստացած դարպասապահի հետ, իսկ պատճառը նրա վնասվածքն է: Հիշեցնենք, որ մարտի վերջին Վալդեսը ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 6 ամսով: Իսկ արդեն բուժզննման արդյունքում բժիշկները եկել են եզրակացության, որ 32-ամյա դարպասապահի վնասվածքի կրկնվելու հավանականությունը մեծ է: «Վիկտոր Վալդեսը վնասվածք ունի եւ չի միանա մեզ»,-նշել է թիմի նոր գլխավոր մարզիչ Լեոնարդ Ժարդիմը:

ԳԵՐԱԶԱՆՑ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ

Կոլումբիայի ազգային հավաքականի եւ «Մոնակո»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Խամեսը նշել է, որ Հենրիխը գերազանց է փոխարինել Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»: Մինչեւ Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելը «Բորուսիա»-ն դիտարկել է նաեւ Ռոդրիգեսի տեղափոխության տարբերակը, բայց նրա տրանսֆերային արժեքը բարձր է եղել: «Մխիթարյանը գերազանց է փոխարինել Գյոտցեին»,- նշել է կոլումբացին: Հավելենք, որ Խամեսը «Մունդիալ-2014»-ում 4 խաղում 5 գոլ է խփել ու հանդիսանում է մրցաշարի լավագույն ռմբարկուն: Նա նաեւ 3 գոլային փոխանցում է կատարել:

ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՇՈՈՒ

Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ժամանակակից ֆուտբոլում հարկավոր է պրագմատիկ մոտեցում։ 22-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ բրազիլացիներն աշխարհի առաջնությունում չեն փորձում շոու ցուցադրել, այլ ձգտում են հաղթել.«Չեմ ցանկանում շոու սարքել։ Դա ամենավերջին բանն է, ինչի մասին մտածում ենք։ Հավաքականն այստեղ զվարճանալու համար չէ։ Մտադիր ենք հաղթել այս մրցաշարում։ Հնարավոր չէ միշտ հաճույք ստանալ եւ հաղթել 4։0 կամ 5։0 հաշվով։ Այժմ ֆուտբոլը բարդացել է, իսկ խաղացողների մակարդակը հավասարվել։ Հաղթում է այն թիմը, որը պատրաստ է ավելի շատ պայքարել»։ Հիշեցնենք, որ բրազիլացիները քառորդ եզրափակիչում կմրցեն կոլումբացիների հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին։




Լրահոս