Նման ցանկությամբ են այսօր ապրում շատ ու շատ ագարակցիներ, որոնք նամակներ են հղել երկրի նախագահին ու այլ պաշտոնատար անձանց: Նրանք այլեւս չեն ցանկանում այդ մարդուն տեսնել քաղաքապետի պաշտոնում, որովհետեւ Հայաստանի հեռավոր անկյունում` բոլորի աչքից հեռու, նա ձեւավորել է սեփական իշխանությունն ու վարվում է այնպես, ինչպես կամքն է թելադրում:
Մխիթար Զաքարյանը կարողացել է ե՛ւ ծառայել բանակում, ե՛ւ մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանության գործողություններին, ե՛ւ վիրավորվել, ե՛ւ անգամ սովորել ու ավարտել Երեւանի ժողինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա բաժինը: Հենց ավարտելու տարում էլ` 1995-ին, աշխատանքի է անցել Մեղրու հարկային պետական տեսչությունում: Երեք տարի անց տեղափոխվել է հարկային տեսչության 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժին եւ զբաղեցրել օպեր-լիազորի պաշտոնը: 2000-ից էլ ՀՀ պետեկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի ավագ օպեր-լիազորն է եղել: Մեկընդմիշտ իր բախտը կապելով հարկային ու մաքսային ծառայությունների հետ` տեղափոխվել է Կապան, այստեղ եղել օպեր-լիազոր, համատեղությամբ էլ աշխատել որպես ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի ԴՊ վարչության Սյունիքի բաժնի ավագ տեսուչ:
Մինչեւ 2007թ. աշխատելով մաքսայինում որպես ՄՊԴ վարչության Մեղրու տարածքային խմբի գլխավոր տեսուչ, ապա խմբի ղեկավար, 2007-ից «անսպասելիորեն» հեռացել է եկամտաբեր ոլորտից ու դարձել «Վիլա տրանս» ՍՊԸ-ի տնօրեն: Ոմանք պնդում են, որ Մխիթար Զաքարյանն այնքան էր հոգնեցրել իր հասցեին հնչած քննադատությամբ ու բողոքներով, որ նրան «քաղաքավարի» կերպով հասկացրել էին` հեռանալ: Իսկ մինչ այդ նա արդեն այնպիսի դրամագլուխ էր կուտակել, որ կարող էր ցանկացած բիզնես հիմնադրել: Բայց Մխիթար Զաքարյանը որոշեց ավելի եկամտաբեր գործ գտնել ու 2008-ին դարձավ Ագարակի քաղաքապետ:
Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, դեռեւս 1990-ական թվականներին Մխիթարն ու եղբայրը երիտասարդներից կազմված խումբ էին ստեղծել եւ հարձակվում էին տարբեր մարդկանց վրա, ծեծկռտուքներ կազմակերպում: Իհարկե, Մխիթարի խումբը Ռոբին Հուդի նման հարուստների ունեցվածքը չէր խլում ու բաժանում աղքատներին, այլ պարզապես ձեւավորում էր ազդեցությունների սեփական դաշտը` այսպես հռչակելով իր անունը: Ունենալով մաքսային կոմիտեում Երիցյան ազգանունով ինչ-որ բարձրաստիճան հովանավոր` նա տեղավորվեց Մեղրու անցակետում եւ հանրապետություն ներկրվող թանկարժեք ապրանքներն առանց մաքսազերծելու եւ գրանցելու` հասցնում էր Երեւան` հասցեատերերին` այդ ամենի համար ստանալով բարձր հոնորարներ: Քաղաքապետ դառնալուց հետո էլ Մխիթարն իր ազդեցության տակ պահեց Մեղրու անցակետն ու վախեցնելով գործարարներին` սկսեց գումարներ ստանալ նրանցից: Այս մասին ժամանակին անգամ ՀՀ նախագահին է զեկուցվել:
Որպեսզի իրեն երբեք չմոռանան անցակետում, այնտեղ աշխատանքի տեղավորել տվեց իր շրջապատի մարդկանց: Այս մաքսակետի պետն ու զննման բաժնի պետը գտնվում են Մխիթարի անմիջական ղեկավարության ներքո, նրան են հաշվետու ամեն ինչի համար: ՀՀ նախագահին ուղղված նամակում ահա թե ինչ էին գրել ագարակցիները. «Մեղրու մաքսակետում ամեն օր անօրինական գործողություններ են անում նրա ընկերներ Բաբկեն եւ Արմեն Գասպարյանները: Քաղաքապետի ընկեր Բաբկեն Գասպարյանը մաքսակետի պետի եւ զննման բաժնի պետի կողմից արտոնություններ ստացած մի անձնավորություն է, որն ամեն օր կատարում է օրենքով արգելված գործողություններ, ներմուծում ամեն ինչ եւ չի մուծում ոչ մի դրամ մաքսավճար, այսինքն` զբաղվում է մաքսանենգությամբ: Բաբկեն Գասպարյանը զբաղվում է Իրանից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների տեղափոխմամբ եւ այդ ավտոմեքենաներով բերում է վերը նշված մաքսանենգ ապրանքները (ծխախոտ, թմրանյութ, նավթամթերք)»:
Մխիթար Զաքարյանը մաքսակետի վրա ունեցած ազդեցությունների շնորհիվ դարձել է Ագարակի ամենահարուստ մարդը, նա Երեւանում գնել է երկու բնակարան, հասարակական տարածք, Ագարակում էլ մի քանի օբյեկտներ եւ տարածքներ ունի` գրանցված ընտանիքի անդամների անուններով: Ասում են, որ քաղաքապետ Մխիթարը հովանավորում է Ագարակի թմրամոլներին, իսկ այս փոքրիկ քաղաքն իսկապես թմրամոլներ շատ ունի, քանի որ այստեղ «առաջին ձեռքից» են հասնում Իրանից ներկրված թմրանյութերը: Ագարակցիների խոսքերով` քաղաքի թմրամոլների առաջնորդը քաղաքապետի եղբայր Մհեր Զաքարյանն է, որին ընկերակցում է նաեւ քաղաքապետի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը, իսկ ահա թմրանյութերի վաճառքով, ագարակցիների հավաստմամբ, զբաղվում քաղաքապետի հարազատ հորաքրոջ որդին: «Մխիթար Զաքարյանը… գումարները վաստակել է թմրանյութ ներմուծելով Հայաստան: Անօրինական եւ հանցագործ ճանապարհով աշխատելով ահռելի գումարներ` Մխիթար Զաքարյանը ֆինանսավորում եւ հովանավորում է իր կողմից ստեղծած մի հանցավոր խումբ, որի անդամները մի քանի անգամ դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար»,-ասում են ագարակցիները:
Նշենք, որ Մխիթար Զաքարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, այսինքն` ինքն իրեն ապահովագրել է, ձեւավորել հզոր «տանիք»: Ո՞վ կարող է այսօր «թթու խոսք» ասել Հանրապետականի անդամ քաղաքապետին, ով, հավանաբար, այս տարի եւս կաշխատի ամրապնդել իր դիրքերը:
ՓՐԿԵԼ ԱԳԱՐԱԿԸ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ