ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՋԵՎԱՆԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հունիսի 26-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացել է հասարակական կառուցապատման համար նախատեսված հողատարածքի աճուրդ: Հողամասը ձեռք է բերել ռուսաստանաբնակ իջեւանցի գործարար, ով նախատեսում է տվյալ տարածքում սրճարան կառուցել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի փոխանցմամբ` աճուրդով իրացված այդ տարածքը գտնվում է Իջեւանի շախմատի տան շենքի հարակից գոտում, դեպի Տավուշի մարզպետարանի շենք տանող գետամերձ ճանապարհին: Այդ տարածքի հարակից թաղամասի կոյուղագիծը վթարված է: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը համոզված է, որ հիշյալ տարածքը գնած գործարարը նորոգելու է նաեւ այդ կոյուղագիծը, տարածքը բարեկարգելու է եւ նոր սրճարանի բացմամբ` քաղաքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր:
Նշենք, որ վերջին տարիներին Իջեւանում բացվել են բազմաթիվ նոր սրճարաններ: Փոքր կենտրոնում, ընդամենը 1-2 կիլոմետրանոց հատվածում գործում է 12 սրճարան: Նույն տարածքում գործում է թվով 4 բուքմեյքերական գրասենյակ՝ «Վիվառո», «Եվրոֆուտբոլ», «Տոտո» եւ «Գուդվին»: Վերջինը խաղադրույքներ է ընդունում տարբեր երկրներում շների եւ ձիերի մրցավազքի համար: Լինելով Իջեւանի ինտերնետային ակումբներում՝ կարելի է համոզվել, որ խաղադրույքներ կատարելը շատ իջեւանցիների համար հանապազօրյա «ցավ» է դարձել: Նախկինում Իջեւանն ուներ ադյունաբերական քաղաքի համբավ, Իջեւանի գորգագործական կոմբինատում, մեխանիկական գործարանում, Ազատամուտում գործող բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Սակայն, ցավոք, արդյունաբերական քաղաքն արդեն անցյալ է, ներկայում Իջեւանի գործարար դեմքը ձեւավորում են սրճարանները եւ բուքմեյքերական գրասենյակները:

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

Հուլիսի 3-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր մոտ 15 տարի: Աշոտ Փաշինյանը նշանակվել է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն` փոխարինելով Լուսիկ Խաչատրյանին, ով 65-ամյակը լրանալու կապակցությամբ իր դիմումի համաձայն գնացել է թոշակի: Մեր ունեցած տեղեկություններով՝ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբի թիվ 2 դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս