ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց արծիվներ» ՀԿ ղեկավար Խաչիկ Ասրյանը  կիրակի օրը պարծենում էր, որ  «ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն` ի դեմս «Հայոց արծիվներ»-ի, համախմբել է 13 հազարից ավելի մարդկանց», սակայն հարկ է բարձրաձայնել, որ  իշխանություններն իրենց հատուկ ձեռագրով ամեն ինչ արել էին, որպեսզի այդ օրը հրապարակում մեծ թվով մարդկանց ներկայություն  ապահովեին:
Կիրակի օրը պարալիզացվել է Շիրակի մարզի համայնքային մի շարք երթուղիների աշխատանքը: Միկրոավտոբուսները չեն աշխատել, իսկ գյուղաբնակներին տեղյակ են պահել, որ «մեքենաները տարել են հանրապետականները` հանրահավաքի»: Բացի այդ` հայտնի է նաեւ, որ միկրոավտոբուսները դատարկ չեն գնացել, եւ գյուղաբնակներին ասել են, որ Երեւանում համերգ էլ է լինելու: Կիրակի օրը Երեւանում հատկապես շատ են եղել դպրոցականները: Նրանց տվել են պաստառներ եւ հորդորել «համերգի ժամանակ ակտիվություն ցուցաբերել»:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, կապի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանից փորձեցնք ճշտել` հատկապես որ  ուղղությունները սպասարկող երթուղայինները չեն աշխատել` մեկնելով  Երեւան` հանրահավաքի: Պաշտոնյան շեշտեց, որ նման բան չկա: «Հանրապետականների հետ դա կապ չունի: Ի՞նչ հանրահավաք, նման բան լինել չի կարող: Հնարավոր է, որ մի քանիսը չեն աշխատել, բայց դա, էլի եմ կրկնում, հանրահավաքի հետ կապ չունի: Մի քանի օր առաջ երթուղու մրցույթ է եղել: Հնարավոր է` դրա հետ է կապված. դեռեւս պարզ չեն մրցույթի արդյունքները, եւ գուցե դրա համար գազելները չեն աշխատել»:
Մենք, իհարկե, հստակեցրինք, որ մարտի 4-ին` ամբողջ օրը, չեն աշխատել, օրինակ, Գյումրի-Իսահակյան, Գյումրի-Ջրափի ուղղությունները սպասարկող միկրոավտոբուսները: Մարզպետարանի ներկայացուցիչը, սակայն, անդրդվելի էր: Նա պնդեց, որ կատարվածը կապված է տեղի ունեցած մրցույթի հետ: Պարզվեց` Շիրակի մարզի միջհամայնքային երթուղիների մրցույթին մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ: Հնարավո՞ր է, որ մրցույթի հանգամանքը շահարկելով` դրանք տարվեին մայրաքաղաք: Պատասխանը դարձյալ բացասական էր: Գյումրու ավտոկայարանից եւս չհաջողվեց պարզել, թե կոնկրետ քանի միկրոավտոբուս չի աշխատել: Թեեւ այդ կառույցից չհերքեցին, որ եղել են որոշ ուղղություններ սպասարկող միկրոավտոբուսներ, որոնք չեն աշխատել կիրակի օրը:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս