ՀԱՐՑ. Եթե գույքը դրված է որպես գրավ, ապա այդ գույքի վրա բռնագանձումն ինչպես է կատարվում՝ առանց դատարան դիմելու։
Լաուրա Մինասյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդված)։
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը հնարավորինս պարզ ներկայացված է, եւ հուսանք՝ այն կօգնի ճիշտ կողմնորոշվել խմբագրություն դիմած քաղաքացուն։
ՀԱՐՑ. Եթե գործող կազմակերպությունում տեղի է ունենում տնօրենի փոփոխություն, ապա այդ մասին ի՞նչ ժամկետներում պետք է տեղյակ պահել հարկային մարմնին:
Սուսաննա Սարգսյան (42 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սարգսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 9-րդ հոդվածի, կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչեւ փոփոխություններ տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատկան մարմիններն այս պարագայում փոքր-ինչ բարիություն են դրսեւորել եւ ողջամիտ ժամկետ են սահմանել` փոփոխությունների դեպքում տեղյակ պահելու համար: Կարծում ենք, որ այս ժամանակահատվածը լիովին բավարար է գրավոր դիմում ներկայացնելու եւ թղթաբանությունն օրինական դարձնելու համար։