ՊԱՅՔԱՐ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը մարտի 5-ին մամուլի ասուլիս էր հրավիրել. սա կարելի է որակել կենդանության նշաններ ընտրություններից առաջ, քանի որ Շիրակի մարզի «ընտրյալները» սովորաբար այնքան էլ ակտիվ չեն եւ մամուլի ասուլիսներ,  գոնե Գյումրիում,  հաճախակի չեն կազմակերպում: Պարզվեց` մամլո ասուլիս հրավիրելու պատճառ կար. լրատվամիջոցները պրովոկացիա են արել, եւ երիտասարդ պատգամավորը հասկացել է, որ ընտրություններից առաջ դրանք կարող են խանգարել իրեն: Իսկ լրատվամիջոցների թիրախում նրա հայտնվելը պատահական չէ: Պատճառներից մեկը, օրինակ, մարտի 1-ին «Տրանս ակնթարթ» ընկերության Գյումրի-Երեւան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսների անգործությունն է: Ամեն հանրահավաքի օրն այս հարցը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, բայց հաջորդ իսկ հանրահավաքին նույն ձեւով արգելվում է միկրոավտոբուսների երթը Երեւան: Այսպիսով` պատգամավորն ամեն անգամ փորձում է իշխանություններին ցույց տալ իր հավատարմությունը եւ շեշտել,  որ անկախ ամեն ինչից,  նա ունակ է մի քանի հոգով պակասեցնել  հանրահավաքի շարքերը:
 «Գյումրի-Երեւան երթուղին այսօր էլ խնդիր ունի, ոնց որ ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել այդ խնդրին: Ես կակռազ հարցրել եմ տնօրինությունից, մաքսիմում տասը մեքենա գնացած լինի-չլինի: Ճանապարհները վատ են, մեքենաները շատ վատ են աշխատել»,-ասուլիսում հայտարարեց Գրիգորյանը:
Հարկ է, սակայն, հիշեցնել, որ երբ ճանապարհները դժվարանցանելի են լինում, այդ մասին լրատվամիջոցները բարձրաձայնում են, իսկ երբ ճանապարհներն անցանելի են, խոսել  դրանց փակ լինելու  մասին  եւ արգելել միկրոավտոբուսների երթեւեկը, դա, իհարկե, այլ մեկնաբանության չէր  էլ կարող արժանանալ: Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ պայքարելու է թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, պատրաստ է նաեւ համագործակցել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք նույն նպատակն են հետապնդում:
Մարտուն  Գրիգորյանի խոսքերով` իր անունից ինչ-որ մարդիկ են շրջում տնետուն,  ներկայանում որպես Մարտուն Գրիգորյանի գրասենյակի աշխատակից եւ ապատեղեկատվություն տարածում` իբր Մարտուն Գրիգորյանն իր թեկնածությունը չի առաջադրելու: «Ես էլի եմ հայտարարում, որ մեծամասնականով առաջադրելու եմ իմ թեկնածությունը թիվ 34 ընտրատարածքում: Բացի դրանից` նաեւ տարբեր ինֆորմացիաներ են տալիս ժողովրդին` իբր Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է ածուխ բաժանել, ալեհավաքներ, DVD-ներ է բաժանում: Ես խորհուրդ չէի տա մարդկանց նմանատիպ պայքարի մեջ մտնել»,-հայտարարեց բանախոսը` հավելելով, որ ոչինչ չի բաժանելու: Բայց նաեւ խոստովանեց, որ 5 տարի շարունակ բաժանել է, տվել` ինչի հնարավորություն ունեցել է, սակայն հիմա որոշել է դադարեցնել «նմանատիպ ակցիաները»:
Երիտասարդ ԲՀԿ-ականի կարծիքով` լրատվամիջոցները միտումնավոր են սրում իրավիճակը` նշելով, որ թեժ մրցապայքար է լինելու թիվ 34 ԸԸՀ-ում. «Աֆիցիալ հայտարարում եմ, որ 34 ԸԸՀ-ում չկա թեժ պայքար: Ով գուզե լինի առաջադրվողը, ես հայտարարում եմ, որ պայքար չի լինի: Վստահ եմ»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս