ԱՄԵՐԻԿԱՆ ԿՕԳՆԻ՞ ԶՈՒԳԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքում հասարակական զուգարանի բացակայությունը խնդիրներ է հարուցում: Սահմանամերձ քաղաք ժամանող հյուրերը բնական կարիք ունենալիս, մոլորուն հայացքով զուգարան որոնելով, հարցնում են տեղացիներին, թե որտեղ է գտնվում հասարակական զուգարանը: Նոյեմբերյանից Երեւան, Վանաձոր, Իջեւան կամ այլ վայրեր մեկնողները, եթե անզգուշություն են ունեցել առավոտյան մի բաժակ թեյ խմելու, զուգարանի կարիք ունենալով` անհարմար դրության մեջ են ընկնում: Մտավորական ծանոթներիցս մեկը մինչեւ հիմա ամոթով է հիշում, թե ինչպես մի տարի առաջ, բնական կարիք ունենալով, այն հոգացել էր քաղաքի վագոն-տնակներից մեկում տեղավորված խանութի հարեւանությամբ: Օբյեկտի տերը նկատելով` մեծ ամոթանք էր տվել նրան:
Նոյեմբերյան քաղաքում հասարակական զուգարան կառուցելը քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի 2008թ. նախընտրական խոստումներից է: Նրա պաշտոնավարման հերթական շրջանն ավարտվում է, սակայն զուգարանի շինարարությունը դեռ չի սկսվել: Այնուամենայնիվ, քաղաքապետը վճռական է մինչեւ այս տարի կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունները գործարկել հասարակական պետքարանը: Նոյեմբերյանի «Վերելք» ՀԿ-ն միջազգային դոնոր մի կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություն ուներ Նոյեմբերյանում հասարակական զուգարանի կառուցումը ֆինանսավորելու վերաբերյալ: Սակայն ինչ-ինչ պատճառներով դոնորը հրաժարվել է նախնական պայմանավորվածությունից: Այնուհանդերձ, «Վերելք»-ը մտադիր չէ հրաժարվել զուգարանի ծրագրից: Ըստ «Վերելք» ՀԿ-ի կազմած նախագծի` 10,4 մետր երկարություն եւ 3 մետր լայնություն ունեցող, քաղաքի կենտրոնում գործարկվելիք հասարակական զուգարանի շինարարության համար կպահանջվի 6,2 միլիոն դրամ: Այդ գումարի կեսը կտրամադրեն քաղաքապետարանն ու տեղի գործարարները: Մնացած գումարը հայթայթելու համար օրերս «Վերելք» ՀԿ-ն քաղաքի մշակույթի տանը հանդիպում էր կազմակերպել տեղի գործարարների, ՀԿ-ների եւ  Նոյեմբերյանում աշխատող ամերիկյան Խաղաղության կորպուսի չորս  կամավորների հետ: «Վերելք» ՀԿ նախագահ Պավել Աբովյանը ծրագրին ֆինանսապես աջակցելու համար դիմեց ամերիկյան կամավորներին: Վերջիններս ասացին, որ Հայաստանում իրենց առաքելությունն ավարտվում է, սակայն խոստացան օգնել այս գործի համար ամերիկյան այլ դոնորներ գտնելու հարցում:




Լրահոս