ԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՆ ՈՒՆԻ ՋԱՏԱԳՈՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏ ՇԱՀԻՆՅԱՆՆ իր բեմական գործունեության 40-ամյակը նշելու է մարտի 11-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: 15 տարեկանից պրոֆեսիոնալ բեմի վրա է: 10 տարի ապրել ու դասավանդել է ԱՄՆ-ում: 2006թ. գործունեության եւ դասավանդման համար Լոս Անջելեսի «Մաշտոց» ազգային համալսարանը նրան արժանացրել է «Մաշտոցի» շքանշանի եւ պրոֆեսորի կոչման:
Լոս Անջելեսում հիմնել է «Սայաթ-Նովա» երգի կենտրոնը, որը գործել է 5 տարի: 8 մեծ մենահամերգ է ունեցել Լոս Անջելեսում, Բոստոնում, Ֆրեզնոյում… Նաեւ համերգ-դասախոսություններ: «40 տարվա ամփոփ հաշվետվություն է: Համերգային ծրագրում ընդգրկված են ժողովրդական եւ աշուղական երգեր, որոնց պետք է նվագակցեն  վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ ժողովրդական ազգային նվագարանների պետական նվագախումբը եւ «Տաղարան» անսամբլը` գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյան: Կատարելու եմ նաեւ ռոմանսներ եւ, իհարկե, ակապելլա: Լինելու են նաեւ հյուրեր` Ռուբեն Մաթեւոսյան, Թովմաս Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան…»,-այսպես ներկայացրեց սպասվող համերգը տիկին Շահինյանը:  
-10 տարի ապրել ու աշխատել եք ԱՄՆ-ում: Այնտեղ հայ արվեստագետներին հե՞շտ են տեղ տալիս:
-Իհարկե ո՛չ: Հայ արվեստագետի շրջանակը հիմնականում հայ միջավայրում է: Եթե դու ամբողջությամբ, կատարելապես տիրապետում ես դասական արվեստի գագաթին եւ դրսեւորվում ես համաշխարհային դասականության մեջ, արդեն հաշվի են նստում քո արվեստի հետ: Մենք ունենք այնտեղ հիասքանչ երգիչ-երգչուհիներ, որ Կոնսերվատորիայի դասական բաժինն են ավարտել, վերապատրաստվել են Լա Սկալայում (Իտալիա) եւ այսօր տարբեր երկրներում օպերաների առաջատար մենակատարներ են: Նրանք արդեն դուրս են մնում ազգային պատկանելությունից:  
-Ինչպե՞ս են գնահատում հայկական ժողովրդական երգը:
-Շատ բարձր:
-Իսկ այստեղ շատերիս թվում է, թե այնտեղ միայն Արմենչիկ են լսում:
-Միանշանակ ո՛չ` չնայած, որ Արմենչիկի երկրպագուների քանակը մեծ է: Եթե դուք Արմենչիկի համերգային տեսաղգրությունները նայեք, կտեսնեք, որ նրա հանդիսատեսը 12-25 տարեկանի սահմաններում է: Դասական, ազնիվ, պրոֆեսիոնալ երաժշտության հանդեպ մեծ կարոտ ու խրախուսում կա: Նույնիսկ կուսակցական պատկանելությունը հաշվի չէր առնվում: Ես հրավիրվել եմ համերգների ե՛ւ դաշնակների, ե՛ւ հնչակների, ե՛ւ ռամկավարների կողմից:
-2010-ին վերադարձել եք հայրենիք, շա՞տ բան էր փոխվել բացակայության այդ 8 տարիների ընթացքում:
-Մշակութային կյանքի առումով շատ փոփոխություններ տեսա, ավելի շատ դեպի ոչ ազգային միտում ունեցող ուղղությամբ, որը, անկեղծ ասած, ինձ մոտ հիասթափություն առաջացրեց: Անդրադառնանք թեկուզ հեռուստաեթերին, այսօր գոյություն ունեցող շոու բիզնես հասկացողությանը, որը բացարձակ շոու բիզնեսից հեռու երեւույթ է: Այստեղ մրցակցություն է գնում, թե ով շատ ու ավելի անորակ կկարողանա իր ներկայությունն ապահովել, ով տեր ունի, ով չունի: Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց նրանք բարձիթողի վիճակում են, չունեն տեր, ուրեմն իրենց տաղանդը կորչում է: Եւ կան շատ ապաշնորհներ, որոնք ինչ-ինչ ճանապարհներով հայթայթում են գումարներ եւ իրենց մեկ-երկու կիսատ-պռատ երգերով դուրս են գալիս եթեր: Ահռելի քանակությամբ գումարներ են ներդնում, որ իրենց պրոպագանդեն եւ դասվեն «աստղերի» կողքին, սա թյուրիմացություն է, խեղաթյուրում է մեր ազգային դիմագիծը, հարուստ մշակութային արժեքները, այն ժառանգությունը, գենետիկ ֆոնդը, որը մենք ստացել ենք մեր պապերից: Մենք այդ ամենը ջնջում ենք, անտեսում ու ստեղծում խեղաթյուրված ինչ-որ… ախր արվեստ էլ չեմ կարող դա անվանել: Հիմա արժեքների սխալ մեկնաբանություն կա: Եւ ցավում եմ, որ դրանց ջատագովները կան: Այդ երեւույթների օժանդակողներն ու հովանավորներն են շատ, մինչդեռ շատ տաղանդավոր կոլեկտիվներ, անհատներ տարիներով կարող են համերգ չունենալ: Այդ ամենից տուժում է ազգայինը, ճշմարիտը, գեղեցիկը, պրոֆեսիոնալը: Արհեստավարժ ամեն մի մասնագետ իր տեղը չի գտնում այսօր, դրա փոխարեն դաշտը լեցուն է ամբարտավաններով, որոնք ուղղակի համարձակվում են իրենց կոչել արվեստագետներ, բայց արվեստագետի ոչ մի շունչ, համ ու հոտ չկա մեջները:
-Տեսնելով այս ամենը` ցանկություն չի՞ առաջանում նորից ԱՄՆ վերադառնալ:
-Բայց չէ՞ որ ես վերադարձել եմ իմ տուն, ինչո՞ւ ցանկություն պետք է լինի: Միայն այն ուսանողների ու աշակերտների  խանդաղատանքով լի աչուկները երբ տեսնում եմ, ու այն  գուրգուրանքը, որ տածում եմ նրանց հանդեպ, ու փոխադարձ սերը, որ ստանում եմ, միայն դրա համար կարելի է դասավանդել ու դրանով իսկ ապացուցել, որ ազգային արվեստը պետք է ապրի, այն ունի իր ջատագովները: Ես պարտավորված եմ ինձ զգում փոխանցել ժառանգներին, այս երիտասարդներին իմ գիտելիքները, այն ամենը, ինչ կա իմ մեջ, նրանք դրա կարիքն ունեն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս