ԼՂ N զորամասում մարտի 19-ին սպանված ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի հարազատներին սպանության մանրամասների և քննության ընթացքի մասին ստույգ ոչինչ չեն ասում:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց զինծառայողի հայրը` Արտուշ Ղուկասյանը, ում խոսքերով՝ քննիչները պարբերաբար ասում են այն, ինչը ձեռնտու է նրանց:
«Արդեն վաղուց զորամասում չենք եղել: Բայց մի քանի օր առաջ Ստեփանակերտ եմ գնացել, քննիչին եմ տեսել: Ասում եմ` ի՞նչ նորություն կա ընթացքից, ասում են՝ մեզ մի՛ վռազացրեք, թողե՛ք մեր գործն անենք: Ես մենակ մի բան կասեմ` իրանք միշտ ասում են էն, ինչն իրանց ա պետք»,- վստահեցրեց սպանված զինվորի հայրը` հավելելով, որ վարկածը, թե որդուն ծառայակից ընկերները շփոթել են թուրքի հետ, ինչի հետևանքով էլ Արմանը սպանվել է, մնում է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Արմանը Տեղ գյուղի բնակիչ էր, ընտանիքի միակ երեխան, բանակ էր զորակոչվել 2012 թվականի աշնանը:
Տաթև Հարությունյան