ՀԱՐՑ. Կինս երկրորդ կարգի հաշմանդամ է: Օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով նրան տեղափոխեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն` նախապես իմանալով, որ հաշմանդամության երկրորդ կարգ ունենալու դեպքում հետազոտությունն ու բուժումն անվճար պետք է լինեն: Սակայն հիվանդանոցում պարզվեց, որ հետազոտության համար պետք է վճարենք, եւ մենք ստիպված վճարում կատարեցինք: Ուզում եմ հասկանալ` հաշմանդամության երկրորդ կարգի դեպքում ինչո՞ւ պետք է վճարենք հետազոտությունների համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հաշմանդամության կարգ ունեցող հիվանդն ուղեգրով գալիս է հետազոտման կամ բուժման, ապա բուժսպասարկումն անվճար է: Սակայն գոյություն ունեն դժվարամատչելի հետազոտություններ, որոնց համար առանձին հատուկ ուղեգիր է հարկավոր, եթե անգամ հիվանդը հաշմանդամության կարգ ունի: Տարբեր գերատեսչություններ (պաշտպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, նաեւ պոլիկլինիկաներ), ըստ սահմանված կարգի, տալիս են այդ հատուկ ուղեգրերը: Միայն տվյալ ուղեգրի առկայության դեպքում հետազոտություններն ամբողջովին անվճար են:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես հաճախ, այս դեպքում էլ կարգն այնպես են սահմանել, որ բուժսպասարկումն անվճար կազմակերպելու հնարավորություն ե՛ւ լինի, ե՛ւ չլինի: Թեեւ կոնկրետ հարցի վերաբերյալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկայացրած պատասխանը սպառիչ է թվում, սակայն նույն «հաջողությամբ» իրենց դիմած քաղաքացուն կարող են նաեւ անվճար սպասարկել: Ամեն դեպքում, սոցիալապես անապահով քաղաքացին դժգոհ է մնացել ու խմբագրությանն է դիմել` հետին թվով արդարություն գտնելու եւ գոնե հետագայում անհրաժեշտության դեպքում ավելորդ ու անհարկի ծախսից խուսափելու նպատակով: