Երկիր. Տիգրան Սարգսյանը կլինի նախագահի “”Ժառանգորդը””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման խնդիրը Տիգրան Սարգսյանի վրա դնելով` Սերժ Սարգսյանը շատ ավելի հեռուն է գնում`ըստ էության ցույց տալով, որ իրենից հետո իշխանության մեջ երկրորդ մարդը հենց Տիգրան Սարգսյանն է, ով վայելում է իր բացարձակ վստահությունը: Սա կոնկրետ ուղերձ է կուսակցության հատկապես կենտրոնախույս ու հնաբնակ շրջանակներին, որոնք Տիգրան Սարգսյանի նկատմամբ ունեն ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք: Մյուս կողմից` այսպիսով Սերժ Սարգսյանն ազատվում է ցուցակն ուղղակիորեն կազմելու խնդրից, որը տեղերի չափազանց սահմանափակ լինելու պատճառով հարուցելու է ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալու` հավակնորդների մի զգալի մասի դժգոհությունը: Չնայած բոլորն են հասկանում, որ առանց նախագահի “”դաբրոյի”” որևէ մեկն այդ ցուցակում ընդգրկվել չի կարող, սակայն նախագահը գոնե կարող է բացատրություններ ունենալ և հույս տածել, որ չի զրկվի այդ շրջանակների ռեսուրսները նախագահական ընտրություններում օգտագործելու հնարավորությունից: Այսպիսով, վարչապետը մի կողմից դառնում է հիմնական “”սև գործը”” կատարող, իսկ մյուս կողմից` պոտենցիալ քավության նոխազ: Սակայն վարչապետի որոշակի ուժեղացման «օպերացիան» իրականացվում է խորհրդարանի հեղինակության հաշվին: Որևէ վարչապետ իր պաշտոնավարման ընթացքում Աժ-ի քաղաքական նշանակությունն այնքան չի նսեմացրել, որքան Տիգրան Սարգսյանը, որի անմիջական ազդեցությամբ անգամ կառավարությունն իր վրա է վերցրել օրինաստեղծ գործունեության առյուծի բաժինը` Աժ մեծամասնությանը վերածելով պարզ կոճակ սեղմողների բազմության: Եվ ահա հիմա էլ վարչապետն ինքն է որոշելու, թե ովքեր են մտնելու խորհրդարան, ով ցուցակի որ համարի տակ է տեղ ունենալու: Սա նշանակում է, որ նա ապագայում խորհրդարանում ունենալու է, այսպես կոչված, «անձնական» մեծամասնություն, եթե, իհարկե, ՀՀԿ-ին հաջողվի բացարձակ հաղթանակ տանել մայիսի վեցին կայանալիք քվեարկության արդյունքում: Անկախ նրանից` Տիգրան Սարգսյանը ընտրություններից հետո կդառնա Աժ նախագահ, թե նորից նրան կվերապահվի գործադիր իշխանության ղեկավարումը, նա կունենա առավել քան վստահելի ու ենթակա քաղաքական մեծամասնություն: Որքան էլ զարմանալի է, Տիգրան Սարգսյանի ազդեցությունը մեծացնելու այս օպերացիան տեղի է ունենում կառավարության գործունեության հետևողական ձախողման պայմաններում, որը, կարծես, հանրապետության նախագահը ոչ մի կերպ նկատել չի ցանկանում: Պարզ է, որ նա ձգտում է քադաքականացնել Տիգրան Սարգսյանին և բարձրացնել նրա հեղինակությունը: Միակ հարցն այն է` ինչո՞ւ և մինչև որտե՞ղ: Տիգրան Սարգսյանը քաղաքական ֆիգուրա չէ և բացարձակորեն կախված է Սերժ Սարգսյանից: Չի կարելի բացառել, որ այսպիսով նախագահը ձգտում է, ի դեմս Տիգրան Սարգսյանի, փորձարկել իր հնարավոր «ժառանգորդի» տարբերակը.. 




Լրահոս