Գևորգ Կոստանյանը փորձում է սահմանափակել ԶԼՄ-ների աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին  դատական ակտ է կայացվել, որով պարտադրվել է 2 լրատվամիջոցի՝ «Հրապարակ» օրաթերթին և ilur.am էլեկտրոնային կայքին տեղեկատվության աղբյուր բացահայտել: Նման որոշում լրատվամիջոցների դեմ, կարծես թե, առաջին անգամ է ընդունվում:

Նշենք, որ այս որոշումը վերաբերում է մայիսի 7-ին տեղի ունեցած միջադեպին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Գյումրիում:

Ըստ այդ տեղեկատվության`  Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան և թույլատրելի չափից վառ լուսարձակով երթևեկելու համար հարձակվել Ա. Ալեքսանյանի և նրա եղբոր՝ Ռաֆայել Ալեքսանյանի վրա, զենքով սպառնացել նրանց, ապա՝ Արթուր Ալեքսանյանին հարվածներ հասցրել:

ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, թե կատարվածի առնչությամբ իրենք նախապատրաստում են նյութեր: Հետո հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց այս գործի ընթացքը կասեցվեց: 

Դատարանի որոշման շուրջ armlur.am-ը զրուցեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի հետ:

– Տիկի՛ն Օհանյան, նման որոշում Հայաստանում առաջին անգամ է ընդունվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

– Այո, դուք ճիշտ եք: Ես նման որոշման փաստ չեմ հիշում: Կարծում եմ, որ սրանով նախադեպ ստեղծելու փորձ է արվում: Եվ այն պետք է դիտարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ վերջերս արձակած հրահանգների լույսի ներքո, մասնավորապես, նրա ասուլիսի ժամանակ արտահայտված մտքերի:

Մինչ այդ գլխավոր դատախազությունը նաև հաղորդագրություն էր տարածել, որտեղ նախաքննության գաղտնիք բացահայտելու հետ կապված էր ինչ-որ «խստաշունչ» հայտարարություններ արել: Ամեն դեպքում, արձանագրենք, որ սրանով փորձ է արվում սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը և նրանց տեղավորել «թույլատրելի» սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկատվության շրջանակներում: Սակայն պետք է նկատել, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ոչ միայն չեն կարող բավարարել ազատ մամուլի պահանջները, այլև ամեն կերպ խոչընդոտում են մեր աշխատանքին: Եվ բավարարվել նրանց տված տեղեկատվությամբ՝ կնշանակի վերածվել «Հայլուրի», ինչը թերթերի պարագայում անթույլատրելի է:

– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, բողոքարկելո՞ւ եք որոշումը:

–  Արդեն իսկ բողոքարկել ենք որոշումը, երեկ մեր վերաքննիչ բողոքը մուտքագրել ենք դատարան: Բացի այդ՝ դիմել ենք մեր գործընկերներին և մամուլի խնդիրներով շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, առաջարկել ենք միավորել մեր ջանքերը և համատեղ պայքարել, որ այս արատավոր նախադեպը կյանքի չկոչվի:

Ուրբաթ օրը լրատվամիջոցների և ՀԿ-ների ղեկավարների առաջին հանդիպումն է կայանալու, համատեղ գործողությունների ծրագիր ենք մշակելու և իրականացնելու:

– Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ հենց այդ հրապարակումից հետո նման աղմուկ բարձրացավ:

– Ես կարծում եմ՝ այդ հոդվածն ընդամենը առիթ էր: Կարող էր ցանկացած հոդված առիթ դառնալ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում խիստ հաճախակիացել են քննչական ծառայություններից, դատախազությունից, ոստիկանությունից ստացվող գրությունները, ծանուցագրերը, պարզաբանում պահանջելու դեպքերը, հարցաքննությունների հրավերները:

Սա, կարծում եմ, պետականորեն մշակված նոր մոտեցում է մամուլի հանդեպ: Եթե 90-ականներին ծեծ ու ջարդն էր «հարգի», 2000-ականներին դատական պրոցեսները, ֆինանսական տույժ-տուգանքներ դնելու փորձերը, ապա 2014-ին, կարծես, ճնշումների «ձեռագիրը» փոխվում է՝ օրենքով սահմանափակումներ մտցնելու, դատական կարգով սկզբնաղբյուրներ բացահայտելու պարտադրանքների տեսքով:




Լրահոս