«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել է, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի (Թևոսիկի) եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսոյի) շահերն այլևս չի պաշտպանի Գայանե Գալոյանը: Իսրայելի հարազատները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Իսոյի գործը լավ ընթացքով չի գնացել, և իրենք փոխել են պաշտպանին:
Armlur.am-ին արդեն նախկին պաշտպան Գայանե Գալոյանը հայտնեց, որ Իսրայելի շահերն այդուհետ կպաշտպանի միայն փաստաբան Արսեն Սարդարյանը, ում հետ վերջին շրջանում իրենք այս գործի շրջանակներում միասին էին աշխատում: Իսկ պաշտպան Սարդարյանն ավելի վաղ Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե գործում կա այնպիսի ապացույց, ինչը խոսում է իր վստահորդի անմեղության մասին: Թե ինչ ապացույցի մասին է խոսքը, պաշտպանը, նախաքննության անվտանգությունից ելնելով, խուսափեց մանրամասնել:
Հիշեցնենք, որ 2014 հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա և արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածով: Այս գործով կա ևս մեկ կալանավոր, ով Արթուրի սանիկ Տիգրանն է:
Հիշեցնենք` երբ այս քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, և գործի քննության ընթացքը մտավ գաղտնի փուլ:
Հավելենք, որ սպանված Մովսես Ներսիսյանի դին մինչ այժմ չի գտնվել: